Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/103

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գալիս Աղջիկ Տարունի վեպի մեջ։ Նույն Սիմ լեռան բնակիչները շատ հին ժամանակներից իրենց Սանասունք անունը կապել են Ս. Գրքի Սարասարի հետ, որ իր եղբոր հետ փախչում է Հայաստան և բնակվում այդ լեռան վրա, մի զրույց, որ դարձել է Սասնա Ծռերի առաջին ճյուղի հիմքը։ Այդ Սարասարի կամ իր եղբոր հետ են կապել Արծրունիներն և ուրիշներն իրենց ծագումը, իսկ Բագրատունիները՝ հրեական Դավիթ թագավորի հետ։

Եվ վերջապես, մեր գրականության սկզբում արդեն տեսնում ենք, որ հայ ազգի ծագումը կապում են Աստվածաշնչի անունների հետ, Հայաստանն անվանում են «Թորգոմայ տուն»։ Կորյունը և ուրիշները հայ ազգը կոչում են «Ասքանազեան ազգ», նկատի ունենալով Աստվածաշնչի հետևյալ խոսքը. «Պատուէր տուք յինէն Այրարատեան թագաւորութեանցն և Ասքանազեան գնդին» (Երեմիա, ԾԱ, 27)։ Աստվածաշնչի «Արարատ» անունը մեկնաբանները նույնացրել են Հայաստանի հետ և նրա հետ հիշված «Ասքանազեան գունդն» էլ մեկնել են իբրև հայկական գունդ։

Ս. Գրքի ազդեցությունը մեծ է եղել ոչ միայն հայկական ժողովրդական բանահյուսության վրա, այլ նույնչափ, և ավելի ևս գրավոր դպրության վրա, թե՛ իր բովանդակությամբ և թե՛ ձևով։ Մի կողմ թողնելով այդ գրքի ազդեցությունը կրոնական դրվածքների բովանդակության և գաղափարախոսության նկատմամբ, պետք է շեշտել, որ նրա լեզուն օրինակելի է դարձել բոլոր գրողների համար և հարատև իշխել է բոլոր դարերում։ Աստվածաշնչի լեզուն սկզբից հենց մեր հին գրականության համար դարձել է կլասիկական իր քերականությամբ, իր բառերով ու դարձվածներով, պատկերավոր ասացվածներով ու բանաձևերով, և այսպես ոչ միայն կրոնական, այլև պատմական ու բանաստեղծական երկերի համար, մանավանդ այն հետագա շրջաններում, երբ գրաբար լեզուն այլևս կենդանի խոսակցական չի եղել, այլ արվեստական կերպով սովորովի։

3. Ուրիշ թարգմանություններ։– Եթե աշխարհականի համար բավական էր Ս. Գիրքը, եկեղեցականի համար, որ ուսուցիչ էր, այդ քիչ էր։ Նա պետք է իր ժամանակի կրոնական ուսման բարձրության վրա կանգներ՝ ծանոթ լինելով ասորական և հունական եկեղեցիների կրոնական հարկավոր երկերին, ընդհանուր եկեղեցու մեջ մշակված գիտությանն ու գրականությանը։ Եվ Սահակի ու Մաշտոցի գործունեության կարևոր կողմերից մեկն այն է, որ նրանք հոգում են նաև այդ մասին՝ անձամբ անելով և անել տալով զանազան թարգմանություններ։ Կորյունի վկայությամբ, ինչպես տեսանք, թարգմանել են «շատ ևս մեկնութիւն գրոց» և «բազում ևս զհայրապետաց սրբոց զճշմարիտ զիմաստութիւնն», այսինքն դավանաբանական գրվածքներ։ Եվ այս հասկանալի է։ Ընդունելով Եփեսոսի և նախորդ ժողովների վճիռները՝ պետք է ծանոթ լինեին նաև եկեղեցու հայրերի դավանաբանական երկերին։

Մի կարևոր հանգամանք ևս պետք է նկատի ունենալ։ Նրանց միջոցով ստեղծվում է թարգմանական գործը շարունակելու ավանդություն,