Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/105

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մեջ նաև կանոններ էին տալիս քրիստոնեական պաշտամունքի, ծեսերի ու պաշտոնյաների և առհասարակ վարչական խնդիրների մասին։ Կանոններ էին հրատարակում նաև եկեղեցական ժողովները։ Ինչպես տեսանք, թարգմանիչները հայրենիք վերադառնալիս՝ հետները բերում են Նիկիո և Եփեսոսի ժողովների կանոնները, որոնք և, երևի նրանց ձեռով, թարգմանված են հայերեն։ Ունենք հնուց թարգմանված և այլ կանոններ[1]։

Միևնույն գործնական նպատակն է ունեցել և քարոզը, որ եկեղեցու պաշտամունքի ժամանակ կարևոր տեղ է բռնել։ Դա կապված է եղել Ս. Գրքի ընթերցվածների հետ և սկզբում եղել է պարզ ու հասկանալի լեզվով խրատ ըստ կարդացած հատվածի։ Բայց հետագայում, շնորհիվ ճարտասան եպիսկոպոսների, զարգացել է հռետորական արվեստով և դարձել ճառ։ Դա նույնպես գործնական նպատակ է ունեցել, այն է՝ ունկնդիրներին բացատրել քրիստոնեության հիմունքները՝ քարոզելով պահք, ապաշխարություն, աղոթք ու մենակեցություն, բարեգործություն և այլն: Ունենք հին թարգմանությամբ բազմաթիվ ճառեր զանազան հեղինակների։ Հայտնի են Բարսեղ Կեսարացու, Կյուրեղ Երուսաղեմացու, Հովհան Ոսկեբերանի և ուրիշների ճառերը։

Քրիստոնեական գրականությունը երկար չի մնացել այս սկզբնական լոկ գործնական նպատակի մեջ սահմանափակված։ 2-րդ դարի կեսերից սկսում է զարգանալ գնոստիկյան գրականությունը, և եկեղեցին ստիպվում է գնոստիկյան աղանդի դեմ մաքառելու համար առաջ բերել հակագնոստիկյան գրականություն, որ զբաղվում էր արդեն տեսական խնդիրներով։ Միաժամանակ հարկավոր է լինում քրիստոնեությունը պաշտպանել հեթանոսական հարձակումների դեմ, հերքել նրա մասին տարածված անհեթեթ լուրերը։ Այսպիսով առաջանում են ջատագովական ասված գրականությունը և հակաճառությունները, ուղղված գնոստիկյան և ուրիշ աղանդավորների, ինչպես և հրեաների ու հեթանոսների դեմ։ Վերջապես՝ փիլիսոփայություն սովորած ջատագովները հանդես են գալիս նույնիսկ հույն փիլիսոփաների դեմ։ Երբ քրիստոնեությունը 4-րդ դարում վայելում է կայսրների հովանավորությունը, ջատագովներն արդեն նպատակ են դնում ոչնչացնել հեթանոսությունը, և ջատագովությունը պաշտպանողականից փոխվում է հարձակողականի և ստանում է այլ ուսմունքների «հանդիմանության», եղծի, «հակաճառության» բնավորություն։ Այստեղ հայերեն թարգմանություններից հիշենք միայն նշանավոր փիլիսոփա և ճարտասան Արիստիդես Աթենացու ջատագովությունը։

Այս բոլոր գրականության մեջ հետզհետե պարզվում են եկեղեցու սկզբունքները, որ առաջին դարերում դեռ անորոշ էին։ Դրանց աղբյուրը

  1. «Կանոնագիրք Հայոց», Թիֆլիս, 1913, էջ 205 և հտն. «Առաքելականք»: Գ. Զարբհանալեան, Մատենադարան Հայկական թարգմանութեանց նախնեաց, Վենետիկ, 1889, էջ 489 և հտն. «Կանոնագիրք»։