Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/109

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դասի) ավելի հին են, վերաբերում են գրականության սկզբնական, ինչպես կոչում են, «Ոսկեդարյան» շրջանին, այսինքն 5-րդ դարին, այն էլ, ըստ ոմանց, այս դարի մոտավորապես առաջին կեսին, երբ գործել են առաջին թարգմանիչները կամ «առաջին աշակերտները»։ Իսկ երրորդ և չորրորդ խմբերի երկերը վերագրում են «հունասերների» կամ «հունաբանների» դպրոցին, որ կարծում են, թե 6-րդ և ավելի ևս 7-րդ դարերում է զարգացել։

Այս տեսակետն ընդունելի չէ ընդհանրապես իր ամբողջ ծավալով։ Կարելի չէ՝ առանց արտաքին ցուցմունքի, լեզվով միայն, հունաբան ոճի վրա միայն հիմնվելով, կոնկրետ հետևություններ անել, որոշել գրվածքների, ուրեմն և գրական դպրոցների ժամանակաբանությունը։ Ուրիշ խոսքով՝ բացարձակ հավանելի չէ այն «սովորական ընդունված թեորիան», ըստ որի՝ հունարենի ազդեցություն կրած, ինչպես և հունաբան գրվածքներն իբր «անարժան» են «Ոսկեդարին», 5-րդ դարին. այսինքն՝ 5-րդ դարում իբր միայն մաքուր հայկաբանություն պիտի լինի, իսկ ինչ որ այդպես չէ, այն 6-րդ դարից պիտի լինի, ըստ ոմանց՝ նույնիսկ 6-րդ դարի երկրորդ կեսերից ի վեր։ Այսպես դատողները մոռանում են, որ ուրիշ լեզուներից թարգմանություն անողները, ինչպես և ուրիշ լեզվի ու գրականության ազդեցության շրջանում ինքնուրույն գրողներն անգամ, միշտ միակերպ հստակ ոճ չեն բանեցնում։ Նույնիսկ ժամանակակից և միևնույն տեղում ապրող հեղինակներից ու թարգմանիչներից մեկը շատ ազդվում է օտար լեզվից, գործածում է օտար շարահյուսական ձևեր, օտար լեզվի հետևողությամբ կազմած նոր բառեր ու դարձվածներ, մյուսը գրում է ազգային բնիկ մաքուր լեզվով։ Այսպես է և մեր օրերում, այսպես եղել է և հնումն, և 5-րդ դարում։ Պետք է ընդունել, ուրեմն, որ ինչպես նույնիսկ առաջին թարգմանիչների որոշ թարգմանությունների մեջ երևում է ասորերենի ազդեցությունը, նույնպես և հունարենը 5-րդ դարում ազդել է այդ լեզվից թարգմանողների կամ հունական ուսում ստացած որոշ գրողների երկերի ոճի վրա։ Մաքուր հայկաբանությամբ և հունարենի ազդեցությամբ գրողներն, ուրեմն, միաժամանակ են գործել:

Ինչ վերաբերում է խիստ հունաբան դպրոցին, ավելի ևս խիստ հունաբան լեզվով թարգմանված գրվածքներին, որոնց մեջ կիրառված է մի արվեստական լեզու, պարզ է, որ դա լոկ սովորական ազդեցության արդյունք չէ։ Դա ծնունդ է որոշ ծրագրով կատարված դիտավորության։

5. Դավանաբանական, իմաստասիրական, քերականական, ճարտասանական և այլ խիստ հունաբան թարգմանություններ։— Ունենք մի շարք թարգմանություններ՝ մեծ մասամբ արվեստական հունաբան լեզվով։ Դրանցից այն երկերը, որոնք ոչ-կրոնական բովանդակություն ունեն, կոչվում են «արտաքին գրքեր», և այսպես՝ ոչ միայն մեզնում։ Դրանց մեծ մասն իմաստասիրական, ճարտասանական ու քերականական գրվածքներ են։ Այսպիսի գրքերի թարգմանության հիմքն ևս հասկանալի է։ Ինչպես որ առաջին դարերում քրիստոնյաները փիլիսոփաների հարձակումներից