դարձեալ ապականին նեխելով ե նուազելով: Եւ հուր առ ի պէտս մեր արարաւ, որ զարմանօք վառի և սպասաւորէ մեզ. և ի պակասել կերակրոյն, շիջանի և ապականի: Նոյնպէս և հողմք և ամպք ի պէտս ևս այլ արարածոց արարան, և ոչ ինքեանք եղեն. և ապականացուք են՝ յորդելով և պակասելով օգտել և վնասել, զիւրեանց տկարութիւնն ցուցանելով։ Եւ երկինք և երկիր ոչ ինքեանք եղեալք և որ ի նոսա զեռունք իցեն և անշունչք, այլ յԱսաուծոյ արարան, և ապականացուք են։ Երկինք լուսաւորօք և երկիր կենդանեօք և բուսովք և տնկովք և ամենայն ձեռակերտօք արուեստից, որ ստեղծանեն պատկերս յարարածոց Աստուծոյ աստուածս, սուտ են և ապականին. որպէս իմաստնոց է քաջայայտ։ Նա և ոսկի և արձաթ և ականք պատուականք և պղինձ և երկաթ ի մարդկանէ ճարտարաց ի պէտս ինչ իրաց կազմեցին, և կամ ի զարդ ինչ նիւթոյ հասարակաց արարչին առնելոյ իմաստութեանն Աստուծոյ նախախնամեալ։ Զի երկինք և երկիր և ամենայն զարդ նոցա յԱստուծոյ արարան յոչընչէ և չեն աստուածք տարերքս ամենայն, այլ արարածք հասարակաց արարողին։
Արարածք են Աստուծոյ և լուսաւորք արեգակն և լուսին և աստեղք ամենայն, որք իւրեանց փոփոխմամբն ցսւցանեն զիւրեանց սպասաւորութիւնն ըստ սահմանելոյն այլ ևս արարածոց։ Եւ յայտ առնեն մեզ եթէ արարածք են օգտելով և վնասելով, ամարանի ջերմամբքն և ցրտութեամբ ձմերանոյ, մանրապատում օգտի շահիւք և վնասարկութեամբ, որպէս իմանալի է։ Զի որպէս մարդիկ ոչ կացին ի պատուիրանապահութեան Ասաուծոյ և ըստ հրամանի դարմանողին յօգտակարսն վայելեցին, այլ նանրացան, այնպէս և դարմանիչ արարածք փոփոխեցան յօգտակարացն ի վնասակարս։ Որպէս ձմեռն ոչ միայն զովացուցանէ, այլ և սպանանէ. և ամառն ոչ միայն ջեռուցանէ, այլ և խորշակահար առնէ. և հուր ոչ միայն ջեռուցանէ և զպէտսն լնու, այլ այրէ և ապականէ, ջուր ոչ միայն արբուցանէ զերկիր, այլ և ողողէ և վնաս առնէ։ Այսպէս և ամենայն դարմանքն. որպէս իւղ և մեղր և գինի և այլն ամենայն ըստ նմին օրինակի։ Եւ չափով են խնամք դարմանոցն, և անչափն տանջանք և մահ. զի սանձեսցէ զժպիրհ և զյանդուգն կամս ագահութեան և զանձնիշխան կամացն զհոսումն և ի վայր ցնդումն անառակութեան և անխնայ չարութեան՝ որ է ճանապարհ անդորր, որ տանի ի կորուստ»[1]։
4. Ձևը։— Այս ճառերից յուրաքանչյուրը բնականաբար նվիրված է որևէ թեմայի, բայց ճառագիրը երբեմն չի կենտրոնանում մի խնդրի շուրջ և թեթևակի թռչում է զանազան կողմեր. ուստի և այդպիսի դեպքերում դժվար է լինում հետևել մտքի զարգացմանը։ Բայց մթնությունն առաջանում է նաև մտածության հորդությունից, նման վիճակների կրկնությունից տարբեր ձևերով և առատաբանությունից։ Կիրառված են բազմազան ճարտասանական ձևեր և որոշ եղաններ, որոնցով հեղինակը ձգտում է հեշտացնել ճառերի ըմբռնումն ունկնդիրների և ընթերցողների համար։ Այսպես, օրինակ, նա նյութը դասավորում է մերթ թվարկություններով՝ նախ (կամ՝ առաջին) … երկրորդ … երրորդ և այլն, երբեմն միևնույն ճառի մեջ երկրորդ անգամ (ԺԸ. 201 և հտն.), մերթ ըստ մարմնի մասերի գործունեության՝ գլուխ, բերան, աչք, լսելիք, հոտոտելիք, ձեռք, սիրտ, փոր, ոտք, և այլն (Ի. 222 և հտն., 226 և հտն.). երբեմն էլ նյութը բացադրում է ըստ ավետարանական «երանիների» (Ժ. 106 և հտն.) կամ թե բազմազան կերպով և ընդարձակ վերլուծում է առաքինությունները՝ հավատ, հույս, սեր, հեզության, քաղցրություն, խոնարհություն և այլն (ԺԱ. 121 և հտն.)։ Բերենք վերջինից մի կտոր՝ կրճատումներով։
- ↑ «Յաճախապատում», էջ 31 և հտն.: