վերադառնում է երկրորդ անգամ ի Վրաստան արած այցելությունից, այն ժամանակ Սահակն ու Մաշտոցը «եղբարս երկուս յաշակերտացն»— աշակերտներից երկու եղբայրների, Հովսեփին (Յովսէփին) և Եզնիկ Կողբացուն ուղարկում են ասորիների կողմերը, Եդեսիա քաղաքը, որպեսզի ասորերենից հայերեն թարգմանեն «նրանց սուրբ հայրերի ավանդությունները»։ Այդ թարգմանիչները կատարում են Մահակի ու Մաշտոցի հրամանը և թարգմանություններն ուղարկում են «պատվական հայրերին», իսկ իրենք անցնում, գնում են հունաց կողմերը, Կոստանդնուպոլիս։ Այստեղ նրանք «ուսեալք և տեղեկացեալք»—սովորելով և տեղում ծանոթանալով՝ կարգվում են հելլենական լեզվի թարգմանիչներ:
Այդ ժամանակ տեղի էր ունենում Եփեսոսի ժողովը, որով հետաքրքրվում էին բնականաբար նաև Հայաստանում։ Ուրիշ աղբյուրից իմանում ենք, որ Եզնիկը Կոստանդնուպոլսից մի թուղթ է գրել Մաշտոցին Եփեսոսի առաջին ժողովի մասին՝ նրան հաղորդելով, թե ինչ որոշում է արված[1]։ Թարգմանիչներն իրենց գործը վերջացնելուց հետո,— ասում է Կորյունը,— Կ. Պոլսից վերադառնում են՝ բերելով իրենց հետ Ս. Գրքի «հաստատուն օրինակներ», և «շատ շնորհագիր հայրերի ավանդություններ», Նիկիո և Եփեսոսի ժողովի կանոնները։ Այնուհետև պատմում է Կորյունը, որ Մահակը Եզնիկի հետ միասին՝ բերված ստույգ օրինակներով հաստատում է Ս. Գրքի առաջվա շտապով կատարած թարգմանությունը, և վերջն ավելացնում է, թե նրանք Ս. Գրքի շատ մեկնություններ են թարգմանում։ Այսպես՝ տեսնում ենք, որ Եզնիկը թարգմանական մեծ գործունեություն է ունեցել։ Սահակի հետ նա է կատարել պատասխանատու թարգմանություններ, անշուշտ այն պատճառով, որ նա հմուտ է եղել ոչ միայն ասորերեն և հունարեն լեզուներին, այլև ժամանակի գիտությանը, ինչ որ և մենք տեսնում ենք նրա մեզ հասած գրվածքից։
Արտաշատի ժողովին (449 թ.) մասնակից եպիսկոպոսների ցուցակի մեջ, որ բերել է Եղիշե պատմագիրը, չորրորդ տեղում հիշվում է «Եզնիկ եպիսկոպոս Բագրևանդայ»։ Ընդունում են, թե դա նույն Եզնիկ Կողբացին է։ Եվ այդ շատ հավանական է: Այդ խիստ բազմամարդ ժողովը, որին ներկա են եղել հոգևորականներ և աշխարհականներ, տեղի է ունեցել Մաշտոցի աշակերտ Հովսեփի գլխավորությամբ՝ զրադաշտական կրոնը մերժելու համար։ Եթե Եզնիկը դեռ կենդանի եղած լիներ այն ժամանակ, դժվար թե նա, մեծ գործիչը, որ լավ ծանոթ էր զրադաշտական կրոնին, պակասեր այդ ժողովին[2]։
- ↑ Տե՛ս ներքևում՝ «Կնիք հաւատոյ»։
- ↑ Վերջերս առանց որևէ հիմքի, ընդդեմ եղած փաստերի, այն կարծիքն առաջ քաշվեց, թե իբր ոչ մի դրական հիմք չկա, թե Եզնիկը կրոնավոր է եղել և կամ «հայոց եկեղեցու հոգևոր գործիչ, հայր» և «հայոց եկեղեցու հայրերից մինը». իբր Կորյունն այդ մասին «ոչինչ որոշ» չի հայտնում, և իբր ոչինչ հիմք չկա ասելու, թե «Եզնիկը, Ընդդիմութեանց է գրքի հեղինակը, եղել է հայոց եկեղեցու հայր», և թե իբր «հայկական իրականության այս առաջավոր անձը գտնվել է այն դարաշրջանի այս կամ այն քրիստոնեական հերձվածի բանակում»,- ուրեմն Եզնիկը հերետիկոս,– և իբր «շատ կասկածելի է և բոլորովին չի ապացուցված Եզնիկի պատկանելը հոգևորական միջավայրին» (В. К. Чалоян, К вопросу об учении Езника Кохпаци; армянского философа V века, Ереван, 1940, էջ 61 և հտն. Վ. Կ. Չալոյան, Հինգերորդ դարի հայ փիլիսոփա Եզնիկ Կողբացու ուսմունքի հարցի շուրջը, Երևան, 1940։ Այստեղ կարելի է գտնել մատենագրություն Եզնիկի մասին)։
Այսպիսի անհիմն կարծիքներ բաց թողնելը պատահում է հաճախ հին հայերենը լավ չիմանալուց և նյութը հիմնովին չուսումնասիրելուց: Որ Կորյունը Հովսեփ (Յովսէփ) Պաղնացուն և Եզնիկ Կողբացուն անվանում է «եղբարս», այդ չի նշանակում, թե այդ երկուսը բնական ծննդով արենակից եղբայրներ էին, այլ նշանակում նրանք կրոնավոր էին։ Այն շրջանում և հետո կրոնավորները, վանականները, կոչվում էին եղբայր, իսկ վանքերը՝ եղբայրանոց։ Ապա՝ որ Եզնիկ Կողբացին եղել է եկեղեցու հայր, և մինչև 19-րդ դարի վերջերն այդպես համարվել է, այդ հայտնի է։ Հնուց անտի, նույնիսկ Արտաշատի ժողովից մի 150 տարի հետո, նա մեր եկեղեցու հայրերից մեկն է։ Կոմիտաս կաթողիկոսի օրով կազմված կա մի մեծ ժողովածու «Կնիք հաւատոյ ընդհանուր սուրբ եկեղեցւոյ» վերնագրով (հրատ. Էջմիածին, 1914 թ.) «յուղղափառ և սուրբ հոգեկիր հարցն մերոց դաւանութեանց»- «մեր ուղղափառ և սուրբ հոգեկիր հայրերի դավանություններից»։ Այդ հայրերի մեջ է և թարգմանիչ Եզնիկ Կողբացին, որի գրվածքներից բերված են երկու դավանական հատվածներ (անդ, էջ 51, 130. Եզնիկի թուղթը Մաշտոցին)։ Հենց այն պատճառով, որ նա եկեղեցու հայր է, նրա գրվածքն ստանում է ավելի մեծ պատմական արժեք։