Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/143

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

3. Հակաճառության նպատակն ու եղանակը։— Եզնիկի այս աշխատությունը կարելի չէ համարել արդյունք միայն հեղինակի անհատական հարցասիրության և ասել, թե «նա իր աշխատությամբ լոկ, միայն փիլիսոփայել է բարու և չարի առեղծվածի մասին»[1]: Դա նույնպես արտահայտություն է իր ժամանակի և բավարարություն պիտի տար իր ժամանակի գործնական պահանջին, ինչպես ուրիշ ամեն երկ այն շրջանում։ Հեղինակն ինքը հայտնում է իր գործի ծագման և նպատակի մասին՝ այսպես. «Մեզ հարկ եղև ի սիրոյ բարեկամաց, և յոչ ուղիղ հայելոյ ընդդիմակացն, ըստ մերում տկարութեան… մխել ի խնդիր ճառիցս. մանաւանդ զի յուսացեալ ևս վստահ իցեմք յուղղոց ունկնդրաց ի կամացն մտադիւրութիւն. ուստի և լինիցի նոցա զճշմարիտն ուսանել, և մեզ ոչ ի զուր ինչ զբանս ծախել։ Քանզի ոչ եթէ անիրաւութեամբ ինչ յաղթել ջանամք, այլ իրաւամբք զճշմարիտն ուս[ուց]անել» (էջ 16 և հտն.)։ Շատ պարզ երևում է, որ ժամանակի մտավորականները երկու խումբ են կազմած եղել. մեկը՝ Եզնիկի և իր բարեկամների պես մտածողները, մյուսը՝ ընդդիմակները, այսինքն հակառակները, որոնք, ըստ Եզնիկի, ուղիղ հայացք չեն ունեցել։ Եվ Եզնիկը ձեռնարկել է իր գործը դրդված բարեկամների սիրուց [որոնք երևի թախանձել են այդ անել] և հակառակորդների ոչ ուղիղ հայացքից, վստահ լինելով, որ ուշադիր ունկնդիրները ճշմարիտը կսովորեն, և ինքն իր խոսքերը զուր վատնած չի լինիլ։

Ինչքան էլ Եզնիկի այս երկով մեր գրականությունը գրեթե սկզբից անցնում է տեսականին, բայց և այնպես այս տեսականի միջոցով էլ դարձյալ գործնականն ունի նպատակ, այն է՝ սովորեցնել ճշմարիտը, և սովորեցնել ոչ թե «անիրաւութեամբ» հաղթելով, այլ «իրաւամբք», այսինքն համոզելով։

Թե ինչ է նշանակում «իրաւամբք» սովորեցնել, այդ էլ պարզում է ինքը հեղինակը. «Եւ արդ եկեղեցոյ Աստուծոյ գործ այն է, զարտաքինսն իրօք ճշմարտութեան առանց գրոց յանդիմանել, և զկարծեալսն ներքինս և ոչ ճշմարտեալս՝ գրովք սրբովք յանդիմանել» (էջ 78),— արտաքիններին, այսինքն ոչ քրիստոնյաներին, առանց Ս. Գրքի, ճշմարիտ իրականությամբ հանդիմանել, իսկ կարծեցյալ, բայց ճշմարտության չհառած ներքիններին, այսինքն քրիստոնյաներին, Ս. Գրքով հանդիմանել։ Կնշանակի՝ քրիստոնյաների համար, որոնք ընդունում են Ս. Գրքի հեղինակությունը, բավական կլիներ այս գրքից վկայություններ բերել՝ ճշմարիտը նրանց սովորեցնելու համար, իսկ հեթանոսների համար, որ չէին ընդունում Ս. Գրքի հեղինակությունը, նա դիմում է իրականությանը, բնությանը, բնականին, քրիստոնյաների համար՝ երբեմն և երկուսին՝ «յամենայն աստուածատուր Գրոց և ի բնութենէ արարածոց յայտնի է» (էջ 68, ԻԴ.): Մերժում է այն, որ «ոչ ըստ բնութեան է» (էջ 69)։

  1. Չալոյան, Հինգերորդ դարի հայ փիլիսոփա Եզնիկ Կողբացու ուսմունքի հարցի շուրջը, էջ 60: