Jump to content

Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/145

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

արտահայտություններ, այլև ետևից պատկերը նմանությամբ. «Յորժամ զաներևութէն և զնորին զմշտնջենաւոր զօրութենէն ճառիցէ ոք, քանզի մարմնաւոր լեալ է, պարտի զմիտս յստակել և զխորհուրդս սրբել, զյոյզս շարժմանց պարզել, զի յայն զոր առաջի եդ՝ հասանել կարասցէ։ Նա և որ ընդ ճառագայթս արեգականն հայել կամիցի, պարտի զպղտորութիւն աչացն՝ զաղտն և զբիժն ի բաց պարզել, զի մի՛ մթարքն՝ որ զբբօք շողայցեն, արգել հայելոյ ի յստակութիւն լուսոյն լիցին»։ Հաճախ նա գործածում է բարդ նախադասություններ, կամ ազատ է շարժվում բառադասության վերաբերմամբ, իրարուց շատ հեռացնում է միմյանց վերաբերող բառերը, ինչպես վերևում «մի՛-լիցի». բայց չնայելով դրան՝ միշտ պարզ ու հասկանալի է մնում, և նույնիսկ դրանով ավելի ազդեցություն է գործում։

Ոճի այս ընտիր հատկությունները նա ձեռք է բերել, անշուշտ, վարժվելով իր արած բազմաթիվ թարգմանությունների վրա, բայց կան նաև այնպիսիները, որոնք բխում են հեղինակի անձնական խառնվածքից: Ինչքան էլ նա գործ ունի վերացական դատողությունների, տրամաբանական բանավարության հետ, բայց ամեն ինչ անում է մեծ ճաշակով, նյութին պատշաճավոր և գեղեցիկ ձևով։ Երբեմն նա չի կարողանում սառն ու հանգիստ մնալ, վարվում է իբրև ճարտասան, կարծես դիմացին իսկապես կան «ունկնդիրներ», իր «ընդդիմակները», և նրանց է ուղղում իր խոսքը վերացական աներևույթ զորության, մի էության հավատացողի զգացումով լցված, մերթ հիացմունքով իրար հակառակ չորս տարրերից հորինված բնության վրա, կամ զայրացած, կամ հեգնանքով ու ծաղրով վերաբերվելով նյութական իրերը պաշտողներին։ Պարզ երևում է, որ նրա գրվածքի նյութն իր ժամանակի համար արդիական կենդանի նշանակություն է ունեցել, ինչպես, օրինակ, հետևյալի մեջ, որ բերվում է այստեղ իբրև մի նմուշ նրա հորինելուն, որ և պարզապես ուղղված է արեգակ ու լուսին պաշտողներին, տարրապաշտության դեմ, կրակի ու ջրի և այլի պաշտամունքի դեմ, ինչպիսին էր զրադաշտական կրոնը։

«Արդ բարիոք է արեգակն և գեղեցիկ բնութեամբ, և մեզ և ամենայն արարածոց՝ որ ի ներքոյ երկնից՝ յօգուտ և ի դարման, իբրև ճրագ մի ի մեծի տան ի մէջ ձեղուան և յատակի լուցեալ՝ առ ի զխաւարն և զստուերն զերկուց մեծացն անօթոց ի բաց ի միջոյ փարատելոյ. բայց ինքն եթէ իցէ և եթէ չիցէ՝ զայն ոչ գիտէ, զի չէ ի բանաւորաց և ի մտաւորաց, նոյնպէս և այլքն յանշնչոցն արարածոց։ Եւ թէ ջուր թէ հուր թէ երկիր թէ օդ, թէ իցեն և թէ չիցեն՝ զայն ոչ գիտեն, և զսպասաւորութիւնն՝ յոր կարգեցան՝ անդադար մատուցանեն, վարելով այնր՝ որ կազմեացն զնոսա։ Եւ մեք ոչ անարգեմք զնոսա, և ոչ պաշտոն մատուցանեմք նոցա. այլ հայեցեալ ընդ նոսա՝ փառաւորեմք զկարգիչն նոցա և զյօրինիչ, զի մեզ ի պէտս են, և կարգչին իւրեանց ի փառս:

Զիա՞րդ պաշտիցեմք զարեգակն, որ մերթ կոչի իբրև զծառայ առ ի սպասն՝ յոր կարգեցաւ՝ հասանելոյ, և մերթ երթայ ղօղէ իբրև զարհուրեալ, և տայ տեղի խաւարին լնուլ զմիջոց ի մեծի տանս. և ընդ ժամանակս ժամանակս ի խաւար դառնայ՝ առ ի յանդիմանութիւն և յամօթ իւրոցն պաշտօնէից. յայտ արարեալ եթէ չեմ ես արժանի պաշտաման, այլ այն՝ որ զիս և զամենայն տիւ լուսաւոր պահէ, և զցայգ ղօղեցուցանէ. և երբէք երբէք խաւարեցուցանէ՝ և իբրեւ խոսուն բերանով անշշունչն բողոքէ՝ եթէ չեմ արժանի պաշտօն