Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/15

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հարևանությամբ մարերի ու պարսիկների հետ, ապա ավելի՝ Արշակունի հարստության ժամանակ. համեմատաբար պակաս չափով նաև Սասանյանների իշխանության օրով: Այդ ազդեցությունն ամենից առաջ երևում է հայ լեզվի վրա: Հայերենում այնքան շատ են այժմ արդեն բոլորովին հայացած պարսկերեն բառերը — մեծ մասամբ պարթևական շրջանում փոխառած և պահլավերենին նման,— որ մի ժամանակ հայերենը դնում էին հնդևրոպական լեզուների իրանական ճյուղի մեջ: Մի կողմ թողած բազմաթիվ հատուկ անունները, մոտ ութ հարյուր արմատներ արդեն ճշտված են իբրև պարսկերենից փոխառություն: Դրանք վերաբերում են կուլտուրայի զանազան կողմերին՝ զինվորական կարգերի, դասակարգերի, արվեստների, վաճառականության, բույսերի, կրոնի և այլն[1]:

Իրանացիների հետ միաժամանակ հայերը հարաբերության մեջ են մտել հարավում՝ Միջագետքի և Ասորեստանի բնակիչների — արամեացիների հետ, որոնք այս կողմերի քրիստոնյա դառնալուց հետո ասորի են կոչվում: Հայերը նրանց ավելի բարձր կուլտուրական ազդեցությունն ևս կրել են, մանավանդ որ սահմանակից ասորաբնակ գավառները մասամբ մտել են Հայաստանի մեջ, և հետագայում այդ կողմերի ասորի ժողովրդի մի մասը, ենթարկվելով հայերի քաղաքական ազդեցությանը, խառնվել է հայերի հետ: Դրա հետևանքը եղել է այն, որ հայերը ասորիներից էլ շատ բան են սովորել: Ասորերեն լեզուն, թեպետ և պարսկերենից համեմատաբար պակաս չափով, ազդել է մեր լեզվի վրա: Հայերենի մեջ մտել են բավականին թվով ասորական բառեր, որոնք հին ժամանակներից արդեն հայացած են, օրինակ՝ գուլբա, կաթսա, կացին, կնիք, մախաթ, մանգաղ, քնար, շամփուր, շղթա, ձեթ, խանութ, հաշիվ և այլն:

Ուրիշների այսպիսի ազդեցությամբ հայերը Հայաստան մտնելուց հետո սկզբնական պատմական շրջանում բնականաբար արագ բարձրանում են կուլտուրապես: Նրանք ոչ միայն անասնապահությամբ, այլև վաղուց արդեն երկրագործությամբ ու պարտիզգործությամբ էին պարապում և գյուղերում ապրելով՝ անցել էին նստակյաց կյանքի: Ճարտարվեստի արդյունքները ձեռք էին բերում հարևան ժողովուրդներից: Նրանց կենցաղը հնագույն շրջանում նահապետական էր, կազմած էին շատ տոհմեր, ապա և գյուղական համայնքներ, որոնք կառավարվում էին տոհմապետներով, նահապետներով ու գյուղապետներով: Միաժամանակ և նրանց մեջ արդեն տեղի էր ունենում սոցիալական խավավորումը. ժողովուրդն արդեն բաժանված էր «ճոխ» և «նվաստ» դասակարգերի: «Ճոխերի» մեջ էր և քրմությունը, որ և մշակում էր աստվածների ու դիցազների պաշտամունքն ու առասպելները ոչ բոլորովին ինքնուրույն կերպով:

3. Նախնական աշխարհայեցողություն և հավատալիքներ:— Պարսկական ազդեցությունը զորեղ է եղել նաև կրոնական հավատալիքների ու

  1. Հայ ժողովրդական լեզվի վրա ազդել է նաև նոր պարսկերենը, մասամբ թուրքերենի միջնորդությամբ: