Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/155

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

զանազան կերպարանքներ ընդունելը, բայց և այնպես նա բոլոր հին քրիստոնյաների հետ հավատում է, թե «հրեշտակք և դևք [անմարմին դևերը]… կարող են զօդս գնդել և պարզել, և ազգի ազգի կերպարանս երևեցուցանել» (էջ 72), և թե սատանան է, որ «կարծեցուցանէ թէ նհանգք ինչ իցեն գետոց, և շահապետք վայրաց. և յետ կարծեցուցանելոյ՝ ինքն կերպարանի կամ ի վիշապի կերպարանս կամ ի նհանգի իմն և ի շահապետի, զի այնու զմարդն յիւրմէ արարչէն թիւրեսցէ» (էջ 74)։ Այդ բոլորը «դիւաց կերպարանք են»,— ասում է նա,— «կեղծիք դիւաց են և ոչ ճշմարտութիւն ինչ իրաց» (էջ 75)։


Երազի մասին էլ նա այն հասկացությունն ունի, թե կա երազ, որ՝ ինչ որ ցերեկն ասում է մարդ, քնած ժամանակ էլ դրանով զբաղվում է նրա միտքը, բայց կա երազ, որով աստուծու շնորհիվ, հայտնվում է մարդուն ապագայում լինելիքը. կամ թե հակառակորդը, այսինքն սատանան, զանազան կերպարանքներով երևում է մարդուն՝ նրան զարհուրեցնելու համար։ Հետաքրքիր է հին դրուժայի մասին ժողովրդական հավատքը, «սատանախաբություն» ասածը, որին նույնպես հավատում է Եզնիկը, թե չար ոգին «բազում անգամ ի կանաց կերպս եղեալ՝ զարս խաբէ յերազի. և է՛ երբէք՝ յարանց կերպս դարձեալ զկանայս յանցուցանէ» (էջ 124)։ Նա հավատում է նույնպես, թե դևերը կարող են մտնել մարդու մեջ և հիվանդություն պատճառել նրան։ Բայց կան ցավեր, որոնք առաջանում են «ի չկշռելոյ խառնուածոցն։ Քանզի մարդոյ մարմին ի չորից տարերց խառնեալ է, ի խոնաւութենէ, ի ցամաքութենէ, ի ցրտութենէ և ի ջերմութենէ[1]. և թէ մի ինչ պակասիցէ կամ յոլովիցէ, ցաւս գործէ ի մարմնին» (էջ 57)։ Ուրեմն ոչ ամեն հիվանդություն դևերից է. կան որ բնական պատճառներից են ծագում. «Ուստի բժիշկք յամառին, թէ բնաւ չիք դև, որ ի մարդ մտանիցէ. այլ ցաւք են այն, և մեք դարմանովք կարեմք բժշկել»։ Կան ոմանք էլ,— ասում է նա, — «որ վիճին, եթէ բնաւ իսկ սատանայ ոչ փորձէ զմարդ» (էջ 125)։ Բայց Եզնիկը հետևում է ավետարանին, ըստ որի դևերը կարող են փորձել մարդուն և մտնել մարդու մեջ։ Հորանջելն ու ձգտելն էլ,– ասում է նա,– ոմանք կարծում են, թե դևից է լինում, բայց այդ առաջանում է «ի մեղկութենէ և թուլութենէ մարմնոյ: Ուստի զստէպ յօրանջելն և ձգտելն՝ հմուտ բժիշկք ի մթերելոյ մաղասոց ասեն, զոր և փորձն իսկ յայտ առնէ»։ Այսպես և փնչելը հրեշտակից չի լինում, այլ ցրտից, կամ «վասն այլ իրիք բնական ազդեցութեան», նույնպես և հոգոց հանելը (էջ 122 և հտն.): Այսպես ուրեմն, Եզնիկն այսպիսի ժողովրդական նախապաշարումները բնական պատճառներից է համարում, եթե միայն այդ չի հակասում Ս. Գրքին։ Նա խոսում է նաև կախարդների ու կախարդության դեմ, որոնց շատ հավատացել է և դեռ հավատում է մեր ժողովուրդը (էջ 60—63), այլև «տարրերի» պաշտամունքի դեմ, ինչպես են՝ «արեգակն և լուսին և աստեղք և հուր և ջուր և երկիր, որ ի մոգուց և ի հեթանոսաց պաշտին» (էջ 10), մի սնահավատք, որ հարատևել է մինչև մեր օրերը։


11. Ընդդեմ ճակատագրի հավատքի։— Աստղապաշտության հետ կապված է եղել և «հրամանքի» կամ ճակատագրի հավատքը։ «Քաւդեայքն աստեղանշմարք… զծննդոց պատճառս և զմահուանց՝ յաստեղաց իբրև ի կենդանեաց դնեն։ Որպէս թէ յորժամ ծնանիցինն, անդէն և մահուանքն իւրաքանչիւր ուրուք անվրէպ սահմանիցին. և ըստ այն ոչ յառաջել ումեք մեռանել հնար իցէ, և ոչ յամենալ» (էջ 107)։ «Դարձեալ

  1. «Յաճախապատում»՝ «ի չորից նիւթոց արար զարարածն… և անդի զմարմինս կազմեաց՝ ի ցամաքէ, ի խոնաւոյ, ի ջերմոյ և ի ցրտոյ» (ԺԴ. 174)։