Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/172

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բոլորը], այլ ապավինեցինք այս ավելի հեշտ ու դյուրինին— առաքելականին» [բառացի թարգմանությամբ՝ «մեզ պատսպարեցինք = պատսպարվեցինք այս ավելի հեշտ ու դյուրինով—առաքելականով»]: Հիմա հարց։ Ինչո՞ւ Հեղինեն չդիմացավ կռապաշտների մեջ բնակվելուն։—Անշուշտ նրա համար, որ նրանց մեջ բնակվելը որևէ նեղություն էր պատճառում նրան։ Այսպես և երբ Կորյունն ասում է, թե «չէինք դիմանալ նրանց [Սահակի և Մաշտոցի] բոլոր արածները գրելուն», անշուշտ նրա համար, որ այդ բոլորը գրելը նրան որևէ նեղություն կպատճառեր: Կնշանակի՝ Կորյունն զգուշացել է, չասենք թե վախեցել է, Սահակի ու Մաշտոցի բոլոր արածները գրելու։ Եվ ոչ միայն այդ։ Նա պաշտպանվելու համար դիմել է «առաքելականին», այսինքն Մաշտոցի «առաքելական» գործունեությանը, քրիստոնեության քարոզելուն։ Այդ շատ պարզ երևում է նաև նրա գործածած «պատսպարվել» բառից, որ նշանակում է՝ ապավինել, ապաստանել, պաշտպանվել մի բանից մի բանով։ Կորյունը, ուրեմն, պատսպարվել է իր բերած բազմաթիվ ցիտատների ետևում։

Մի անգամ որ նա թողնում է շատ բան, ինչպես ինքն ասում է, սրբերի «բազմախուռն արգասիքները»— վաստակները, բնականաբար նպատակ է դնում իր գրած «կարևորագույն հանգամանքները» («զկարևորագոյնս պատմելոյ զհանգամանս») մանրամասն, «մանրակրկիտ» պատմել։

4. Արժեքը։— Կորյունն, անշուշտ, պատրաստված չի եղել պատմություն կամ կենսագրություն գրելու։ Նրա ուսումը լոկ կրոնական է եղել։ Մի մարդ, որ պարապել է զանազան կրոնական գրքերի թարգմանությամբ, ունի լավ ծանոթություն Ս. Գրքի, որից դենը չի անցնում իր հայացքով, բայց չնայելով դրան, չնայելով նրա լռումներին՝ կարելի չէ ասել, թե նրա այդ փոքր գրքույկը, ինչպես գրում են, «իբրև պատմական գրվածք չունի մեծ արժեք»։ Ընդհակառակն, դա հայ պատմական կյանքի նոր դարաշրջանի սկզբնավորությանը ծանոթանալու նկատմամբ՝ ունեցել է և ունի շատ մեծ կարևորություն։ Դա հայոց գրականության սկզբնավորության միակ ժամանակակից և վավերական հիշատակարանն է։ Բավական է միայն ասել, որ եթե չլիներ այդ գրքույկը, մենք չափազանց քիչ բան, այն էլ կասկածելի, կիմանայինք այնպիսի նշանավոր եղելության մասին, ինչպիսին է հայ գրի ու գրականության սկզբնավորությունը, որ մենք արդեն տեսել ենք ըստ Կորյունի։ Հետագա գրողներն այդ մասին Կորյունից են օգտվում։

Նա բավարար չափով տեղեկություններ է տալիս իր առաջադրած խնդրի վերաբերմամբ և սովոբաբար շատ որոշ կերպով։ Նրա գրածով մենք պատկերացնում ենք մի խելոք կերպով ծրագրված ու կատարված գործունեություն, իսկ գլխավոր գործիչը, Մաշտոցը, հանդես է գալիս իբրև անսպառ եռանդի տեր, շնորհալի և ազդեցիկ տղամարդ, որ մտածում և հոգում է ամբողջ հայության, այլև հարևան ժողովուրդների համար, որ շարունակ շրջում է և իր տեսչական այցելությսմւներով հաստատուն հիմքերի վրա դնում իր սկսած գործը։