Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/179

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մասեր ու ավելորդաբանություններ, խոսքի ու պարբերության ընդհատումներ, որոնցով լի է այս պատմությունը[1]։ Բերենք մի օրինակ։

Ինչպես վերևում հիշվեց, Կորյունից էլ բազմաթիվ հատվածներ բառացի մտցրած է մեջը։ Կորյունը Սահակի համար գրում է. «Առաւել երանելոյն Սահակայ զՄամիկոնեան որեարն ի վարժս վարդապետութեանն պարապեցուցեալ, որոց առաջնոյն Վարդան անուն էր, որ և Վարդկան կոչէր։ Նոյնպէս և զամենայն ոգի ջանայր յերիւրել հասուցանել ի գիտութիւն ճշմարտութեան»: Իսկ Ագաթանգեղոսի մեջ (հատ. 783, էջ 407) կարդում ենք. «Առնոյր այնուհետև զԱրշակունեաց տոհմի որեարն ի վարժս վարդապետութեան պարապեցուցեալ. որոց առանջնոյն Տրդատ անուն, որ և թագաւորն իսկ էր, ամենայն տամբ իւրով։ Նոյնպէս և զամենայն ոգի ջանայր յերիւրել հասուցանել ի գիտութիւն ճշմարտութեան»։ Կորյունի խոսքը՝ «որոց առաջնոյն Վարդան անուն էր, որ և Վարդկան կոչէր»՝ դարձրած է. «որոց առաջնոյն Տրդատ անուն, որ և թագաւորն իսկ էր»։ Արտագրությունն այնպես մեխանիկորեն է կատարված, որ կարծես Տրդատն իբրև նոր անձնավորություն առաջին անգամն է հիշվում, և հարկավոր էր նրա մասին ծանոթություն տալ, թե նա թագավորն է, Արշակունիների մեջ առաջինն է։

Ագաթանգեղոսի խմբածգրությունն այժմյան ձևով որ կա, ինչպես ասվեց, կատարված է զանազան աղբյուրներից, մասամբ թարգմանական, մասամբ ինքնագիր, հայերեն լեզվով։ Դրա սկզբնականը հորինված է 5-րդ դարի առաջին կեսին, բայց անփոփոխ չի մնացել, հետագայում վերախմբագրված է: Այդ երևում է Ագաթանգեղոսի արաբական վերսիայից, որի մեջ կան հատվածներ, որ այժմյան Ագաթանգեղոսի մեջ չկան։ Նույնպես և Մ. Խորենացին հիշում է, թե Ագաթանգեղոսի մեջ կա Նունե կույսի պատմությունը, որ այժմ այդ գրքի մեջ չկա։ Այսպես՝ հին դարերում հայերենից կատարված հունարեն թարգմանության սկզբում կա մի հատված Արտավանի և Արտաշրի մասին, որ չկա այժմյան Ագաթանգեղոսի մեջ, բայց սկզբնապես եղել է հայերենում նաև ըստ մեր մի պատմիչի տված տեղեկության[2]:

5. Պատմական և գրական արժեքը։- Մի անգամ որ Ագաթանգեղոսի գիրքը ծագում է զանազան աղբյուրներից, բնականաբար, նայելով աղբյուրներին, տարբեր է և նրա մասերի պատմական արժեքը։ Կա շատ բան իսկական պատմական, շատ բան էլ առասպելական։ Ինչ որ ծագում է վերևում հիշված աոաջին աղբյուրից, որ է՝ Վարք Ս. Գրիգորի (Ագաթանգեղոսի վերջին մասը), դրա պատմական արժեքը մեծ է՝ նկատմամբ հայոց դարձի պատմության, հին Հայաստանի տեղագրության,

  1. «Ագաթանգեղոս առ Գէորգայ Ասորի եպիսկոպոսի և ուսումնասիրութիւն Ագաթանգեղեայ գրոց», գրեց Յակովբոս Տաշեան, Վիեննա, 1891, էջ 20, 22, 25, 29 և ուրիշներ:
  2. «Մովսեսի Կաղանկատուացւոյ Պատմութիւն Աղուանից աշխարհի», Թիֆլիս, 1912, էջ 120։