ևս իշխում էր մինչև 226 թ.։ Ուժեղ հողատերերը, սակայն, հաճախ ընդվզում էին թույլ կենտրոնական իշխանության դեմ: Թագավորներն էլ իրենց կողմից մաքառում էին նրանց դեմ՝ ուժեղ կենտրոնական իշխանություն կազմելու համար: Բայց այդ դժվար էր գլուխ բերել Հայաստանի պես մի երկրում, որ աշխարհագրորեն կազմված էր տարբեր ու փակ մասերից և ուներ բնական տնտեսություն։ Երկրի եզերային մասերը միշտ հակված էին դեպի դուրս և հեշտությամբ ենթակա հարևան տերություններին։
Երբ Պարսկաստանում 226 թ. տեղի է ունենում թագավորող հարստության փոփոխություն, երկու իշխող տները, Արշակունին Հայաստանում և Սասանյանը Պարսկաստանում, անհաշտ կերպով իրար դեմ են ելնում դարավոր թշնամությամբ և պատերազմներով։ Բացի այդ՝ Հայաստանն իրենց ազդեցության կամ գերիշխանության տակ առնելու համար՝ երկարատև պատերազմներ են անում երկու հարևան մեծ տերությունները՝ պարսկական ու հռոմեական։
Սասանյանների օրով հայ թագավորական տան կողմնորոշումն Արևելքից շուռ է գալիս դեպի Արևմուտք, իսկ երբ հայերը քրիստոնեություն են ընդունում, առաջ է գալիս մի նոր ուժեղ հողատեր—եկեղեցին իր վանքերի կրոնավորներով ու գյուղական քահանաներով, իր եպիսկոպոսներով ու կաթողիկոսով։ Եվ այսպես կազմվում են Հայաստանում միջնադարյան ֆեոդալիզմի երեք դասերը՝ ազնվականություն, եկեղեցականություն ու շինականություն։ Դրանցից եկեղեցականությունը հետզհետե ավելի զորանում է և քրիստոնյա Արևմուտքի հետ բարեկամություն պահում։
Այս ընդհանուր դրության հետևանքով երկրի ներսում մի կողմից՝ կռիվներ էին տեղի ունենում կենտրոնական իշխանության և ապստամբ նախարարների միջև, մյուս կողմից՝ հաճախ նախարարներն էլ միմյանց դեմ կռվում էին ոչ միայն խարդավանքներով, այլև երբեմն իսկական պատերազմներով։ Մի երրորդ կողմից էլ իրար դեմ էին կանգնում պարսկասերների և հունասերների կուսակցությունները։ Այս ամենով և վերջապես հայ-պարսկական և հռոմ-պարսկական անվերջ պատերազմներով,— որոնք հաճախ Հայաստանում էին տեղի ունենում և մեծ նշանակություն են ունեցել բոլոր սոցիալական խավերի համար,— այլև հյուսիսային ազգերի կրկնվող ասպատակություններով, աշխարհը ենթարկվում էր հաճախակի ցնցումների ու վայրիվերումների։ Եվ այս ամենը, այս ընդհանուր դրությունն առաջ է բերում պատմական ավանդություններ՝ երգեր ու զրույցներ կատարված դեպքերի ու եղելությունների շուրջը, և կազմվում է երկրորդ հայկական վեպը, իսկապես՝ երկրորդ ավանդական վեպի պատումների մի ցիկլ, որի էական խնդիրն է քաղաքական անկա¬ խության համար պայքար ընդդեմ պարսիկների։ Դրա մեջ, հարկավ, ինչպես վեպերի մեջ սովորաբար լինում է, նշանավոր պատմական անձերի վրա ասվում են նաև ստեղծական արարքներ և ընդհանուր վիպական