ուրախության, այլ նաև պատմական երգեր, ինչպես և ուրիշ վիպական երգեր ու վեպեր։ Մեր պատմական հիշատակարանների մեջ շատ քիչ վկայություններ ենք գտնում այն մասին, որ գուսանները պատմական երգեր հորինած լինեն կատարված դեպքերի անմիջական ազդեցությամբ, ինչպես եղել են ձայնարկուների կոծի երգերը։ Այս նկատմամբ մի շատ կարևոր վկայություն ունենք Մ. Խորենացուց «Պարսից պատերազմի» գլխավոր հերոսներից մեկի, Արշակի մասին։ Նա պատմելով, թե այս թագավորը չի պատասխանում Հռոմայեցոց կայսրի թղթին, ավելացնում է. «Նշկահեալ արհամարհեաց զնոսա [= հռոմայեցիներին]. նա և ոչ զհետ Շապհոյ միտեցաւ ամենայն սրտիւ, այլ անձնահաճ եղեալ՝ պարծելով հանապազ ի գինարբուս, և յերգս վարձակաց քաջ և արի երևեալ քան զԱքիլլևս, իսկ արդեամբք Թերսիտեայ նմանեալ կաղի և սրագլխոյ» (Խոր., Գ. 19)[1]։ «Ինքնահաճ դարձած Արշակը միշտ պարծենկոտություն էր անում գինարբուքների ժամանակ, և վարձակների (կին գուսանների) երգերի մեջ նա քաջ և արի էր հանդիսանում Աքիլլեսից ավելի, բայց իր գործերով նմանում էր կաղ և սրագլուխ Թերսիդեսին»։ Կնշանակե՝ գուսաններն Արշակի վրա հորինած են եղել երգեր, որոնց մեջ թագավորը գովվում էր իբրև քաջ և արի, որ և երգում էին գինարբուքների ժամանակ թագավորի իրեն ներկայությամբ։ Այդ գուսանները եղել են պալատական երգիչներ, որոնք անպայման հաճախ և թագավորի պատվերով են բանահյուսել։ Երգիչներ ունեցել են նաև նախարարները: Տրդատ Բագրատունու վեպի մեջ (Խոր., Բ. 63) հիշվում է Սյունիքի Բակուր նահապետի Նազինիկ վարձակը, որ «երգէր ձեռամբ» ի պատիվ Տրդատին տրված ընթրիքի ժամանակ։ Այդ պրոֆեսիոնալ պալատական գուսանները երգել ու պատմել են ոչ միայն իրենց մեկենասների համար, այլև երգել են հենց նրանց իրենց, նրանց գործերը, փառաբանելով նրանց իբրև քաջարի հերոսների։ Դրա համար գուսանները ծաղկեցնում, մեծացնում էին հովանավորողների արարքները, հարկավ, հիմնվելով գլխավորապես իրենց տեսածների ու լսածների վրա։ Այդպիսի գուսանական երգերից, իբրև սկզբնական աղբյուրից, ծագում է «Պարսից պատերազմ» վեպի մի որոշ մասը, ըստ երևույթին, առանձնապես Փ. Բուզանդի «Հայոց Պատմության» այն բազմաթիվ մանր գլուխները, որոնց մեջ միանման կերպով պատմվում են Արշակի ու Վասակի հաղթությունները։ Թե ինչպիսի ձևով են հորինված եղել այդ սկզբնական պատմական երգերը, մենք այդ չգիտենք։ Այդ տարրական երգերից էլ բառացի ոչինչ չի մնացել։ Դրանց ձևի մասին գաղափար կարելի է կազմել նույն տեսակի մի քանի ուրիշ պատմական երգերից, որոնք մնացել են հետագա դարերից, որոնց և կդառնանք հետո։
Գուսանները, ինչպես վեպից տեսնում ենք, իրենց երգերի մեջ
- ↑ Տպագրվածի մեջ «վարձակաց» բառից հետո դրված է միջակետ, որ չպիտի լինի. իսկ «գինարբուս» բառից հետո չի դրված ստորակետ, որ պիտի լինի։ Տե՛ս Մ. Աբեղյանի ներքևում հիշված «Վիպ. երգեր» հոդվածի մեջ՝ էջ 51 և հտն.։