Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/226

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հավատարիմները հաղթում են նրան և բռնում, բերում են թագավորի առաջ քարկոծում «իբրև զայր, որ աշխարհի և գնդի և զօրաց տեառն իւրոյ դավաճան լեալ իցէ»: Կոտորում, բնաջինջ են անում և նրա տոհմը։

Երկու տոհմեր, մեծ նախարարներ, պատերազմում են միմյանց հետ «առանց իրաւանց»: Թագավորը նրանց հաշտեցնել է ուզում, բայց նրանք անարգում են թագավորին.

Եւ առնուին աւերէին զտունն արքունի։
Եւ զայրացեալք խստութեամբ,
Հապճեպ տային ընդ միմեանս մարտ պատերազմի։
Ապա մեծ ցասմամբք և բազում սրտմտութեամբ,
Արձակեաց թագաւորն ի վերայ նոցա
ԶՎաչէ որդի Արտաւազդայ,
Զնահապետ Մամիկոնեան տոհմին,
Յազգէ սպարապետութեան Հայոց,
Զմեծ զօրավար զօրաց իւրոց,
Սատակել, կորուսանել զազգն երկոսեան։

Բուզ. Գ. 4

Վաչեն երկու տոհմն էլ կոտորում է.

Եւ ոչ թողոյր զերկոցունց տոհմացն
Զորձ կորիւն և ոչ զմի։

Այս միևնույն ձգտումը թագավորների կողմից՝ գտնում ենք և Տիրանի ու Արշակի վեպերի մեջ։ Տիրանը Հայր Մարդպետի գրգռելով, քսությամբ, կոտորել է տալիս Ռշտունի և Արծրունի տոհմերը, Արշակը նույնն անում է Կամսարականների վերաբերմամբ։ Պապ թագավորն էլ սպանել է տալիս Հայր Մարդպետներին։

Այդ բազմաթիվ դրվագները միևնույն պատմական սյուժետի բանաստեղծական զարգացումն են։ Դրանց մեջ կա այն ընդհանուրը, որ ֆեոդալը որևէ պատճառով ոչնչացնում է իր վասալին և նրա կալվածների համար այս կամ այն կարգադրությունն է անում։ Որ այդպիսի դրվագներ շատ կան, դրա պատճառն այն է, որ կյանքի մեջ հաճախ կատարված են եղել, մանավանդ Խոսրով Փոքր կոչված թագավորի օրով, նման եղելություններ, որոնց մասին և հորինված են եղել զանազան երգեր ու զրույցներ։ Դրանք և օգտագործվել են վեպի մեջ։ Այդ փոփոխակներից մի քանիսը լոկ վիպական բեկորներ են մեզ հասած. բայց այդպիսիների մեջ անգամ պարզվում է ֆեոդալիզմին հատուկ որևէ բնորոշ գիծ։ Դրանք հորինված են Արշակունիների կամ այն ազնվական տոհմերի շրջանում, որոնք հավատարիմ կուսակից էին Արշակունի թագավորներին։ Դրանով պրոպագանդա էր մղվում հօգուտ թագավորների։ Այդ պատճառով և վեպի մեջ սկզբից մինչև վերջը կարևոր տեղ է բռնում թագավորի և իր