հպատակ նախարարների, կամ տիրոջ և ծառայի հարաբերությունը: Վեպն սկսվում է հենց Մամիկ-Կոնակի ապստամբությամբ իրենց թագավորից։ Ապա ապստամբում է Սլկունի Սղուկը։ Նույն կարգին պատկանում է և Արտաշրի ապստամբությունն Արտավանից։ Հիշենք նաև Մերուժանին Արշակի ժամանակ և ուրիշներին։ Առաջին հին վեպի մեջ ևս, ինչպես տեսանք, հավատարիմ ծառայի տիպը զորեղ կերպով պատկերացրած է հանձին Արտաշեսի դայակ Սմբատ Բագրատունու։
2. Բնակ (բնիկ) տեր և աշխարհ։— Արշակունիներին բավական չէր տիրոջ ու ծառայի և տիրոջը հավատարիմ մնալու գաղափարախոսությունը միայն։ Այդ վիպական դարաշրջանում կար «արքայն Պարսից» և «թագաւորն Յունաց», այսինքն հռոմայեցոց կայսրը։ Վեպի մեջ, Տիրանի գերվելուց հետո, հայ ավագանին պատգամավորություն են ուղարկում կայսրին,
Զի ի նա ձեռս տուեալ՝
Ծառայեսցեն նմա հնազանդութեամբ,
Եւ լինիցի նա նոցա թիկունք օգնականութեան՝
Խնդրել վրէժս ի թշնամեաց նոցա։
Թշնամիները պարսիկներն էին, որոնց հետ և կռվի մեջ էին հայերը։ Պարսից թագավորն էլ իր կողմից ամեն կերպ, և՛ խոստումներով, և՛ կաշառով, ջանում էր հայոց նախարարներին իր կողմը գրավել և դարձնել իր ծառաները։ Եվ կային այնպիսիները, որոնք ենթարկվում էին նրա հրապույրներին։
Յայնմ ժամանակի ապստամբեաց յարքայէն Հայոց
Մի ոմն ի նախարարաց մեծամեծացն,
Մերուժան անուն Արծրունի։
Եւ չոգաւ եկաց առաջի թագաւորին Պարսից Շապհոյ,
Եւ դնէր ընդ նմա ուխտ երդմամբ,
Զի յաւիտեան ծառայ լիցի նմա։
Այսպիսի իշխաններն էլ աշխատում էին, որ Հայոց թագավորն էլ ենթարկվի Պարսից թագավորին, այսինքն՝ ընդունի նրա «ծառայությունը»։ Այսպես, օրինակ, Պապ թագավորը դավաճան Մարդպետ Գղակին իր մոտ քաշելու համար՝ նրան ասել է տալիս, որ շուտ գա իր մոտ, որովհետև նրան պետք է ուղարկի Պարսից թագավորի մոտ,
Զի ես մտից նմա ի ծառայութիւն:
Այսպիսի դրության ժամանակ բավական չէր հավատարիմ ծառայի գաղափարը, այլ հարկավոր էր և այն, որ ծառան հավատարիմ լիներ իր