Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/229

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Կոծ եդեալ աշխարանօք լային
Զիւրեանց բնակ(ան) տէրն, զարքայն Հայոց.
Սոյնպէս և զկորուստ աշխարհին,
Եւ զանձանց անտէրչութիւն կործանմանն,
Վարանացն, աղիողորմ գործէին։

Բուզ., Գ. 20


Անձանց և աշխարհի պահ կալցուք,
Եւ զտեառն բնակի վրէժ խնդրեսցուք:

Բուզ., Գ. 21

«Բնակ տիրոջ» հետ հիշվում է և «աշխարհը», որ է Հայոց աշխարհը, բայց հայրենասիրության գաղափարը բնականաբար դեռ զարգացած չէ: Երևում են դրա սաղմերը միայն: Սեփական երկրի գաղափարը, սակայն, որի հետ կապված է հայրենասիրությունը, բավական ուժեղ կերպով շեշտված է վեպի մեջ անշուշտ այն պատճառով, որ «բնակ տերերի» տերությունը, ինչպես միշտ, պայմանավորված էր որոշ երկրով, որոշ «տերիտորիայով»: Չէր կարող լինել «տերություն»-իշխանություն առանց «տերության»—իշխանության երկրի: «Հայրենիք» բառն ևս մի երկու անգամ գործածված է: Տրդատ թագավորի համար ասված է.

Եւ զհայրենեաց տէրութիւնն յինքն նուաճեաց:
Եւ խնդրէր զքէն վրիժուց իւրոց հայրենեացն:

Ագաթ., էջ 29, 72

Այդ «հայրենիք» բառը, սակայն, երկդիմի է. դա կարող է նշանակել նաև «հայրեր», «պապեր», «նախնիք»: «Հայրենեաց տէրութիւն», ուրեմն «հայրենական», «հորենական» տերություն: Իսկ վրեժ «իւրոց հայրենեացս կարելի է հասկանալ և «իր հայրերի» վրեժը, և իր «հայրենիքի» վրեժը, այսինքն՝ «հայրենի երկրի», «հայրենյաց տերության»: Այս իմաստով՝ Հայաստանը դառնում է Արշակունիների «հայրենիքը», այսինքն՝ ժառանգաբար ստացած երկիրը, ինչպես որ նախարարներն էլ ունեին «հայրենի երկիրներ», որ նրանց ժառանգական, տոհմային կալվածներն էին:

Հետաքրքիր է Հայաստանի «հայրենի հող ու ջրի» մասին ունեցած հավատը, որ երևում է «Պարսից պատերազմի» գեղեցիկ դրվագներից մեկում (Բուզ., Դ. 54): Իր բնիկ երկրի հող ու ջրի վրա՝ մարդ իրեն զգում է ազատ ու զորեղ և հպարտ: Այսպես՝ գերի Արշակն անընկճելի է Պարսկաստանում հայ հող ու ջրի վրա, որով Շապուհը փորձում է նրան: Բերենք այդ բանաստեղծորեն գրավիչ դրվագը գրեթե ամբողջ:

Շապուհ արքան Արշակին փորձելու համար աստղագետների խորհրդով Հայաստանից հող ու ջուր է բերել տալիս.—