Սպարապետն հայոց, զդայակն իւր,
Խաղաց գնաց յերկրէն Հայոց յերկիրն Պարսից։
Գնում են Շապուհի մոտ և այլևս չեն վերադառնում, իսկ երկիրն անգլուխ մնալով՝ ավերվում է և՛ պարսիկների, և՛ դավաճանների ձեռով։
Հերոսներին դավաճանում են։ Նրանք մենակ են մնում, խաբվում են և այնպես կործանվում։ Բայց և այնպես գերության մեջ անգամ նրանք իրենց պահում են հերոսական հպարտությամբ: Արշակը Հայաստանից բերել տված հողի վրա, ինչպես տեսանք, Շապուհի հետ խոսում է իբրև իր մի ծառայի հետ. իսկ Վասակ սպարապետը՝ ինչպես մի անվեհեր առյուծ։
Այս միևնույն հերոսական գաղափարականացումը Մամիկոնյան զորավարի համար տեսնում ենք և Պապի ժամանակ։ Թեպետ Հռոմայեցոց կայսրը պարսիկների դեմ ուղարկում է վեցհարյուր բյուր (= վեց միլիոն) զորք, բայց կռվողը միայն Մուշեղ սպարապետն է իր տասն հազար զորքով։ Նա իբրև առաջապահ մտնում է Հայաստան և կոտորում բոլոր պարսիկներին իրենց զորագլուխների հետ։
Եւ ոչ մի զոք ոչ ապրեցուցանէր…
Եւ զբազում պատուաւոր տեարս,
Որ պատուականք էին առաջի Թագաւորին Պարսից,
Ունէր ձերբակալս Մուշեղ,
Եւ տայր մորթել և լնուլ խոտով,
Եւ կանգնել ի վերայ պարսպացն։
Ընդ բազում տեղիս զայս առնէր
Ի վրէժս հօրն իւրոյ Վասակայ։
Շապուհը, Մերուժանի առաջնորդությամբ, գալիս է Հայաստանի վրա։ Նրա բանակը Թավրիզում է։ Մուշեղը հարձակվում, կոտորում է ամենքին։ Շապուհը դարձյալ միաձի «մազապուր.․․ ճողոպրեալ փախչէր»։ Նրա կանայքը, «տիկնանց տիկինն հանդերձ այլովք կանամբքն», գերի են ընկնում Մուշեղի ձեռքը։ Նորից հարձակվում են պարսիկները։ Այս անգամ հունական և հայկական զորքերը միասին մարտնչում են նրանց դեմ. բայց գլխավոր գործը Մուշեղն է կատարում իր 90 հազարից ավելի զորքերով։ Պարսիկները ջախջախվում են։ Մի վերջին անգամ էլ Շապուհը հարձակում է գործում։ Կռվում են հունական զորքերն ևս, բայց դարձյալ գլխավոր դերը Մուշեղն է կատարում։ Այնուհետև դադարում է հարձակումը պարսիկների կողմից Պապի ժամանակ, և Մուշեղն աջողությամբ կոտորում, զսպում է բոլոր ապստամբներին ու դավաճաններին (Ե. 8–19)։ Եվ վերջը, բոլոր հաղթություններից հետո, իբրև մի տարածված