Շատ վիպական երգերի ու վեպերի մեջ տարածված մի սյուժետ է նաև տիրոջ ու հավատարիմ ծառայի ընդհարումը։ Տերը կասկածում է իր վասալի հավատարմության մասին, թշնամանում է նրան. բայց հետո բացվում է ծառայի անմեղությունը։ Անարդար ամբաստանության պատճառով՝ ունկնդրի համակրությունն ուղղվում է հերոսի կողմը. և ավելի ևս զգալի է դառնում նրա հավատարմությունն ու իդեալացումը, որովհետև հերոսն իր անմեղությունը ցույց տալու համար ավելի մեծ քաջագործություններ է անում։ Այսպես և մեր վեպի մեջ Մուշեղը Պապի օրով։ Սիրված սյուժետներ ու մոտիվներ են, ինչպես տեսել ենք, ամուսնություն, որսորդություն, ավարառություն, տիրասիրություն, և թագավորի անձի անձեռնմխելիության համար հորինված պատմվածքները, հերոսի մահը, մահվան վրեժխնդրությունը և ուրիշները։
Առաջին մեծ ու կարևոր պատմական սյուժետը, որ նույնպես մի քանի անգամ կրկնված է, դա, ինչպես տեսել ենք, թշնամիների ժամանակավոր աջողությունն է։ Հայ թագավորը, կամ հերոսը, խաբեական նենգության զոհ դառնալով՝ ընկնում է դավաճանի ձեռով։ Թշնամին կամ Պարսից թագավորը տիրում է Հայաստանին, ասպատակում է և ավերում։ Ապա հայերը հույների օգնությամբ վրեժ առնելով, կոտորում, քշում են պարսիկներին, և թագավորում է ընկած թագավորի որդին։ Այս է Խոսրով Մեծի ու Տրդատի, Տիրանի ու Արշակի, Արշակի ու Պապի վեպերի ֆաբուլան սքեմատիկ ձևով։ Նույնն է և Մուշեղի ու Մանուելի վեպը։ Մուշեղն սպանվում է դավադրությամբ։ Մանուելն առնում է իր եղբոր վրեժը, թշնամուն քշում է երկրից և ինքն իշխում։ Այդ վեպերից յուրաքանչյուրն ընդհանուր տիպական կողմով, կարծես, մի փոփոխակ է միայն։ Դրանց հետ սքեմապես նույնանում է նաև Երվանդի ու Արտաշեսի վեպը։
Համեմատելու համար դնենք այստեղ հետևյալը.
1. Արտաշեսի հորը սպանում են. նույնպես և Տրդատի հորը։
2. Թշնամին, Երվանդը, տիրում է Հայաստանին։ Թշնամի Արտաշիրը տիրում է Հայաստանին։
3. Ստնտուն՝ Երվանդի ձեռից ազատում է Սանատրուկի որդիներից մի երեխա, Արտաշեսին։ Դայակը նրան տանում է Պարսից կողմը, պարսից թագավորի մոտ։ Նույնը պատմվում է նաև մանկիկ Տրդատի համար, որին փախցնում են Հռոմայեցոց կողմերը, «ի դուռն կայսեր»։
4. Արտաշեսն այնտեղ սնվում, մեծանում է։ Նրա դայակը շատ քաջություններ է անում. դրա համար Պարսից թագավորն օգնական զորքեր է տալիս և Արտաշեսին ուղարկում Հայաստան իր հայրենի գահին տիրանալու։ Նա հաղթում է Երվանդին և ինքը թագավոր դառնում։ Նույնը պատմվում է և Տրդատի համար։ Նա քաջագործություններ է անում և հռոմեական զորքերով գալիս, հաղթում է պարսիկներին ու թագավորում։
5. Վիշապ Երվանդից հետո՝ վիշապազն Մարերի դեմ կռիվը շարունակվում է Արտավազդի ձեռով և հենց իրեն Արտաշեսի համար ասվում