Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/262

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

են առանձին հերոսների արարքները: «Սասնա Ծռերի» ճյուղերից յուրաքանչյուրը նույնպես մի քանի անկախ վեպերից ու զրույցներից է կազմված, բայց և այնպես դրանք բոլորը միասին մի վեպ են, որովհետև մի մարդու գլխի եկած բաներ են. և բոլոր սերունդների ճյուղերն ևս միասին մի ընդհանուր մեծ վեպ են, որովհետև հերոսները հայր ու որդի են, և պայքար մղում են արտաքին թշնամիների դեմ։ Մեր նոր ժողովրդական վեպի այս կենդանի օրինակը բացատրում է մեզ մեր հին վեպի ընդհանուր հատկությունը. այն է՝ Մամ-Կոնից մինչև Մանուել պատմվածները, առանձին ճյուղերը, նույնպես մեկ վեպ են կազմել և ավելի ևս հեշտությամբ, քանի որ կա ոչ միայն սերունդների հաջորդություն, այլև սկզբից մինչև վերջը իշխել է մի ընդհանուր դրություն, կա մի հիմնական գաղափար, մի ընդհանուր թեմա, որով հորինվել է առանձին դիպվածների մի շղթա, որի օղակները թեպետ և մեկը մյուսից անկախ, բայց և իրար հետ կապված են եղել։ Այդ շղթայի ամեն մի առանձին օղակը, սակայն,— որ մի անկախ վեպ կամ պատում է և մյուսներից անջատ ևս կարող է պատմված լինել,— ունեցել է իր ուրույն ընդհանուր դրությունը, իր թեման, որից ծագում և լուծում է ստանում իր գործողությունը, որ և շատ անգամ ազդում է նաև հաջորդ պատումի վրա։ Ուստի և այդպիսի դեպքերում այս կամ այն մասի մեջ անկախ զրույցները կամ պատումները համեմատաբար ավելի սերտ են կապվում իրար հետ։ Ճիշտ այս վիճակն ունի նաև «Սասնա Ծռերի» ամբողջությունն իր բոլոր մասերով ու զրույցներով:

Մի առ մի վերլուծել այս մեծ հին վեպի ամեն մի առանձին օղակը և ցույց տալ, թե ի՛նչ է կազմում սրա գործողության հիմունքը, այդ մեզ շատ հեռուն կտաներ։ Միայն նկատենք, որ մի քանի անկախ մասերի մեջ միություն չի երևում, կամ այն պատճառով, որ պատմագիրների մեջ չի պահված, կամ որ ավանդականի մեջ ևս չի եղած, ինչպես նույնը տեսնում ենք և մեր նոր վեպի մեջ։

3. Բացադրություն (շարադրություն) եղանակները։— Վեպն ասելու գլխավոր եղանակը, բնականաբար, է վիպելը, թվելը, պատմելը, վիպասումը, որով ծավալվում և առաջ է ընթանում գործողությունը։ Բայց ինչպես ամեն ավանդական վեպերի մեջ, այստեղ էլ նյութի բացադրության համար տեղ ունեն նաև նկարագիրն ու տրամախոսությունը։ Այս վերջին երկուսից նկարագիրն անմշակ վիպական բանահյուսությունների մեջ առհասարակ, ինչպես և մեր նոր վեպի մեջ, փոքր տեղ է բռնում. «Պարսից պատերազմի» մեջ, անշուշտ, նաև այն պատճառով, որ պատմագիրները կարևորություն չեն տվել դրան։ Տրամախոսությունը և ավելի ևս ուղղակի խոսքն ընդհանրապես մեծ տեղ են բռնում ավանդական վեպերի մեջ, և բավականին պահված են մեր այս հին վեպի նույնիսկ այն ձևի մեջ, որ տվել են մեզ Ագաթանգեղոսն ու Բուզանդը։ Այդ մեջ է բերվում սովորական կարճ «ասէ» և նման բառերով։ Դրա համար օրինակներ կարելի է տեսնել վերևում բերված հատվածների մեջ, այլև Տիրանի դրվագի