Jump to content

Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/272

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վայրկեան ի Պաղեստինացւոց հրահանգս։ Եւ այսպիսեաւ սաղապաճեմիւ մտաք յԵգիպտոս, յաշխարհն համբաւատենչ»: Ապա նկարագրում է Եգիպտոսն և Ալեքսանդրիա քաղաքը, ուր ասում է վերջում,— «ոչ խնդրել հրաման պատասխանւոյ ի սանդարամետէն Պրոդէիադայ, այլ ուսանել զզօրութիւնս պէսպէս իմաստից ի նորն Պղատոնէ, յիմն ասեմ վարդապետէ, որում ոչ անարժան գտայ աշակերտ, և ոչ անկատար վարժմամբ ի յանգ ելեալ արուեստից՝ ինքնացայ»։ Վերադարձի համար գրում է. «Նաւել յԵլլադայ կամելով՝ յԻտալիա բռնութեամբ անկաք հողմոց. և ողջունեալ ի հանգիստ սրբոցն Պետրոսի և Պաւղոսի, և ոչ բազում ի Հռովմայեցւոցն կացեալ քաղաքի, անցանելով ընդ Ելլադայ յԱտտիկէ, սակաւ ինչ մնացաք յԱթէնս։ Եւ ի կատարել ձմերայնոյն՝ դէմ եդեալ ի Բիւզանդիոն ելանել, փափագելով մերոց հայրենեացն»։

Թե ե՛րբ է Մ. Խորենացին գնացել ուսանելու և ե՛րբ է վերադարձել հայրենիք, այդ մասին նա տեղեկություն չի տալիս։ Վերջին 68-րդ գլխի բովանդակությունից իմացվում է, որ նա վերադարձել է Սահակի ու Մեսրոպի մահից հետո. Սահակը վախճանվել է 439 թ. սեպտեմբերի 7-ին, իսկ Մեսրոպը՝ 440 թ. փետրվարի 17-ին։ Ուրեմն այս թվականից հետո է նա վերադարձել։ Իսկ ուսման գնացել է նախքան նրանց մահը, ուրեմն 439 թ. սեպտեմբերի 7-ից առաջ։ Եվ որովհետև Եփեսոսի ժողովից հետո թարգմանիչների ի Հայաստան վերադարձը և Ս. Գրքի երկրորդ անգամ թարգմանումը կտևեր մի երեք-չորս տարի, ուրեմն Մ. Խորենացին ուսման պիտի գնար մոտավորապես 435 թվականին[1]։ Ենթադրելով որ նա արտասահման ուսման գնալիս պիտի լիներ մոտ 20—25 տարեկան, ուրեմն ծնված պիտի լիներ մոտավորապես 410—415 թվականների մեջ։

Մինչ այդ Սահակի ու Մաշտոցի աշակերտները գնացել էին ուսման և թարգմանություն անելու Եդեսիա և Կոստանդնուպոլիս քաղաքները։ Որ այժմ նրանք իրենց աշակերտներին Ալեքսանդրիա են ուղարկում, դրա պատճառը հասկանալի է։ Վաղուց արդեն Ալեքսանդրիա քաղաքը դարձած էր ուսման կենտրոն։ Պտողեմեոս Ա-ի (323—285 մ. թ. ա.) ժամանակից ի վեր՝ այնտեղ կենտրոնացած էր հունական դպրությունը՝ Սերապիոնի հայտնի մատենադարանով, հովանավորվում էին գիտությունները

  1. Ֆրիդ. Կ. Կոնիբերը բերելով Ալեքսանդրիայի նկարագրից հետևյալ հատվածն՝ «Ի մետասաներորդի նորին Տուբի՝ յայտնութեան Տեառն կատարի տօն… և ոչ զոհել չար դիւին Սարապեայ, այլ զՔրիստոսի զարիւնն մատուցանել պատարագ» (Գ. 62), գրում է. «Ասի, ուրեմն, կտոր մըն է, որ կրնար գրուիլ այնպիսի ժամանակ մը, երբ Աղեքսանդրիոյ մեջ կը յիշուէր տակաւին Սերապիսի պաշտօնը, և երբ Յայտնութեան տօնը տակաւին նոր տարւոյ սկզբան ամենամեծ տօնն էր։ Արդ Սերապեայ մեհեանը կործանեցաւ 416-ին Յ. Ք., իսկ 440-ին հաստատուեցաւ ծնունդն իբրև տօն՝ դեկտ. 25–ին, և քիչ մ’ ետքն աւելի մեծագոյն տօն մ’եղաւ եկեղեցւոյ քան Յունուար 6-ի տօնը։ Եւ 450էն ետքն՝ ամենէն ուշ՝ արևմուտք ճամբորդող մը չէր կրնար այնուհետև Յայտնութեան տօնն իբրև նոյն տեղեաց նորոյ տարւոյ ամենէն մեծ տօնը նշանակել: Ուրեմն կը մնայ հետևցնել, թէ այն մատենագիրն որ Խոր. Գ. ԿԲ գլուխը գրած է՝ Աղեքսանդրիա այցելած է 416 և 440 Յ. Ք. տարիներու միջոցին»։ «Հանդէս ամսօրեայ», Վիեննա, 1893, էջ 330։