Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/276

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բովանդակությունից էլ բան չէին հասկանալ: Ուստի և նրանք հակառակ, դեմ էին ելնում նրանց «առողջ ուսման», որ բերում էին դրսից, նրանք ծաղրում էին Մովսես Խորենացուն, արհամարհում նրան իբրև այնպիսի մեկի, «որ ոչինչ պիտանացու ունիցի արուեստ»: Դա տգետ պարսկասերների պայքարն էր ընդդեմ հունական ուսումն ու լուսավորությունը սիրողների, որոնք իրենց թարգմանություններով աշխատում էին իրենց հայրենիքից հալածել տգիտությունը և, հափշտակված հունարեն «պանծալի լեզվով», աշխատում էին այդ լեզվի հարստությունը և գիտություններ արտահայտելու ընդունակությունը տալ հայերենին։ Եթե մեր օրերում խիստ օտարաբանությունների պատճառով դրանց գործածողները ծիծաղի ու արհամարհանքի առարկա են դարձած, որչա՛փ ևս ավելի պիտի նույնպիսի վիճակի ենթակա լինեին մեր գրականության սկզբում անծանոթ բովանդակությամբ գրքերն այնպիսի անհասկանալի օտարաբան լեզվով թարգմանողները։ Բայց Մովսեսը չի հուսահատվում։ Չնայելով այդ ամենին, նա շարունակ, մինչև ծերության հասակը պարապում է գրականությամբ և թարգմանություններ անում։

Կանգ առնենք և հետևյալի վրա։ Պատմագիր Մովսես Խորենացին կոչվում է Քերդողահայր։ «Գիրք թղթոց» ժողովածուի մեջ կա «Քերդողահօրն Մովսէսի Խորենացի եպիսկոպոսի» հունաբան լեզվով մի դավանաբանական թուղթը, որից ազդվել է Հովհան (Յովհան) Մանդակունի կաթողիկոսն իր մի գրության մեջ։ Կնշանակի՝ 5-րդ դարի վերջին տասնամյակներում դեռ կենդանի Քերդողահայր Մովսես Խորենացին եղել է մի նշանավոր եպիսկոպոս։ Նրա «Քերդողահայր» մականունը ցույց է տալիս, որ նա եղել է ականավոր գրական գործիչ և թարգմանիչ, նաև քերականության. հունաբան դպրոցի շրջանից կան հիշատակարաններ, որոնք «քերական» բառի փոխանակ կամ իբրև սրա համանիշ գործածում են «քերդող» բառը, որ սովորաբար նշանակում է «պոետ», «արարող»։ Քերդողահայր Մովսես Խորենացի եպիսկոպոսը եղել է և փիլիսոփա։ Այդ երևում է նրա վերոհիշյալ դավանական թղթից, որ մասամբ հորինված է փիլիսոփայորեն։ Արդ՝ դժվար է ընդունել, թե եղել են միաժամանակ երկու նշանավոր գրող Մովսես անունով, երկուսն էլ հունաբան դպրոցի առաջին գործիչներից, երկուսն էլ 5-րդ դարի վերջերին եպիսկոպոս, միայն մեկը «փիլիսոփոս» մականունով, մյուսը՝ «քերդողահայր», բայց այս երկրորդը նաև փիլիսոփա է եղել, և վերջապես դեպի երկուսի գրական գործունեությունն էլ նույն վերաբերմունքն են ցույց տվել տգետ հակառակորդները։ Ոչ մի համոզիչ հիմք չկա փիլիսոփոս Մովսեսին և քերդողահայր Մովսես Խորենացուն, որ և պատմագիրն է, նույն անձը չճանաչելու, այլ, ընդհակառակն, ամեն ակնհայտ տվյալները կան այդ երկուսին տարբեր անձեր չհամարելու։ Որովհետև այդ շրջանում քերականություն, ճարտասանություն և փիլիսոփայություն կազմում էին գիտությունների մի ցիկլ, ուստի պետք է ընդունել, որ այդ նշանավոր գրական գործիչը թարգմանած պիտի լինի նաև ճարտասանական ուսման համար