Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/3

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ցիկլից. Տարոնի պատերազմը» ենթաբաժիններին, իբրև հավելված դրված «Վիպասանքի պատմական հիմքը», «Պարսից պաաերազմ» վեպի պատմականության խնդիրը» հատվածներին:

Եթե ժամանակին լույս ընծայված լիներ «Հայ վիպական բանահյուսություն» հետազոտությունը, հեղինակը անշուշտ բանահյուսությանը վերաբերող որոշ հատվածներ Գրականության պատմության համար նորից կգրեր, որոշ հատվածներ այստեղ տեղադրելու փոխարեն կհղեր նշված աշխատությանը, ինչպես անում է այլ դեպքերում, երբ տվյալ նյութի մասին ունի հրապարակված ուսումնասիրություն:

Այսուհանղերձ, խմբագրությունս նպատակահարմար համարեց «Հայոց հին գրականության պատմության» այս առաջին գիրքը հրատարակել հիմնականում անփոփոխ, հետևյալ նկատառումներով.

ա) Վերոնշյալ մասերից առաջինը՝ «Նախնական առասպելա-պատմական բանահյուսություն» բաժինը չի կարելի դուրս թողնել, քանի որ, մի կողմից, մեր գրականության նախագրավոր շրջանն է ներկայացնում և առանց դրան «հին գրականության պատմությունը թերի կլիներ», մյուս կողմից՝ «Հայ վիպական բանահյուսություն» աշխատության մեջ եղածի համեմատությամբ գգալիորեն փոփոխված է, համառոտված, այլև՝ նոր կողմերով հարստացրած, վերաշարադրած ու հարմարեցրած գրականության պատմությանը:

բ) Հին պատմագիրներին Աբեղյանը նվիրել է ընդարձակ էջեր, նրանց գործերը վերլուծել է բազմակողմանիորեն և ամենայն խորությամբ: Այդպես չեն ներկայացված Ագաթանգեղոսը, Փավստոս Բուգանդը, Պետրոս Քերթողն ու Հովհան Մամիկոնյանը, որոնցից առաջին երկուսի երկերի բովանդակությունը քննարկված է «Ժողովրդական վեպ» («Պարսից պատերազմ»), իսկ վերջիններինը՝ «Վիպական բանահյուսություն» («Զրույցներ «Պարսից պատերազմի» ցիկլից. Տարոնի պատերազմը») խորագրերի տակ: Հենց այդ մատենագիրներին վերաբերող գլուխներն են, որ հեղինակը այլ շարադրանքով կներկայացներ, և հավանորեն ավելի քիչ տեղ կտրվեր «Պարսից պատերազմ» և «Տարոնի պատերազմ» վեպերին, եթե նախապես հրատարակված լիներ «Հայ վիպական բանահյուսությունը»: Որքան էլ հեղինակը այդ ենթաբաժինների զգալի մասը (հատկապես «Տարոնի պատերազմը») համարյա նույնությամբ քաղում է «Հայ վիպական բանահյուսությունից», այդուամենայնիվ դրանք պետք է մնան, քանի որ հակառակ դեպքում կաղքատանային 5-րդ դարի երկու խոշոր հեղինակներին՝ Ագաթանգեղոսին ու Բուզանդին նվիրված գլուխները, կխախտվեր ընդհանուր շարադրանքի համամասնությունը և Գրականության պատմության մեջ գրեթե ներկայացված չէին լինի Պետրոս Քերթողն ու Հովհան Մամիկոնյանը:

Խմբագրությունը հարմար նկատեց Գրականության պատմությունից դուրս թողնել առաջին գրքի Հավելվածում արված «Վիպասանքի պատմական հիմքը» (Առաջին հավելված) և «Պարսից պատերազմ» վեպի