Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/317

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

առնելով գեղեցիկ գրության դարձվածներ, ինչպես որ մեր հետագա դարերի գրողները Խորենացուն իրեն են նմանում իրենց ոճով։ Բայց մեր Քերդողահայրն այդ փոխառությունները մեքենայաբար չի անում, այլ փոփոխելով, հապավելով և ավելացնելով այնպիսի բաներ, որ անհրաժեշտ են, կամ չեն, իր պատմածի համար։ Քերդողն, ուրեմն, յուրացնում է և վերաստեղծում է այնպես, որ թվում է թե իր մտածած գյուտերն են խոսքի։ Մի երկու դեպքում ուրիշից օգտվել է և ամբողջ նկարագրի համար։ Վաղուց նկատված է, որ Սուտ Կալիսթենեսի «Աղեքսանդրի վարքի» (որի հավանական թարգմանիչն է ինքը Մ. Խորենացին) մի կտորի նմանությամբ գրած է Տիգրանակերտի կործանումը (Գ. 26, 28), որ մեր Պատմահոր գեղեցիկ կտորներից մեկն է։ Բայց «Խորենացին փոխ առնելով նույն կտորները Սուտ Կալիսթենեսի գրքից, պատմական ճշտությունը չէ տուժած. վասն զի կարևոր փոփոխություններն արած է նաև փոխառյալ խոսքերուն մեջ. իսկ իր արած փոփոխությունները միաբան են Պատմության և ի մասնավորի Ամմիանու հետ»[1]: Այս փոխառությունն, ուրեմն, լոկ ձևական է։ Այսպես վարվել են նաև ուրիշ թե՛ հայ և թե՛ այլազգի գրողներ։ Դարձվածների ու պատկերավոր խոսքերի սակավաթիվ փոքրիկ նմանություններով կամ փոխառություններով բնավ չի տուժում մեր Քերդողահոր ոճի ինքնուրույնությունը, որովհետև նա ամեն ինչ վերամշակելով հարմարեցնում է իր ճաշակին և իր ընդհանուր ոճական բնավորությանը։ Այսպիսի դեպքերում էլ նա մնում է վարպետ գրող։

«Քերդողահայր Մովսես Խորենացու դավանաբանական գրությունը» տեսնել «Դավանաբանական պայքարի գրականություն» հատվածի առաջին գլխի մեջ։

Տե՛ս և Չորրորդ հավելված՝ «Քերդողահայր Մովսես Խորենացի եպիսկոպոսի թղթի վավերականությունը»։

ԵՂԻՇԵ

1. Կենսագրական։— Մաշտոցի մահից հետո՝ 451 թվականին տեղի է ունենում Ավարայրի ճակատամարտը հայկական ներքին ինքնուրույնության, կրոնա-քաղաքական իրավունքների պաշտպանության համար։ Այդ արդեն գաղափարական խաղաղ պայքար չէր քարոզչությամբ և գրականությամբ ընդդեմ պարսիկների, այլ հին ռազմական դիմադրության զարթոնքն էր մասամբ ի հետևանք Սահակի ու Մաշտոցի կուլտուրական պայքարի։ Այդ դեպքը, որ արտահայտությունն էր իր դարի սոցիալ-քաղաքական վիճակի Հայաստանում, իր կողմից խորին դրոշմ է թողել հետագա հայկական կյանքի վրա մինչև առ ի 20-րդ դարը։ Հենց սկզբից

  1. «Ուսումնասիրութիւնք Ստոյն-Կալիսթենեայ վարուց Աղեքսանդրի», գրեց Յակովբոս վ. Տաշեան, Վիեննա, 1892, էջ 59 և հտն.: