Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/319

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ասելով ոչ լռեցից: Ոչ ի կարծ ընդոստուցեալ, և ոչ ի լուր զարթուցեալ. այլ ե՛ս ինքնին անձամբ անդէն ի տեղւոջն պատահեցի և տեսի և լուայ զձայն բարբառոյ յանդգնաբար խոսելով. իբրև զհողմ սաստիկ՝ զի բախիցէ զծով մեծ, ա՛յնպէս շարժէր և տատանէր զամենայն բազմութիւն զօրացն իւրոց» (էջ 24 և հտն.): Այս հատվածի մեջ Եղիշեն պարզապես ասում է, որ ինքն անձամբ տեսել ու լսել է Հազկերտ թագավորին, երբ նա հրաման է տալիս եղել իր զորքին։ Այդ եղել է Ապար աշխարհում Քուշանների դեմ կռվի միջոցին, ուրեմն և Քուշանաց սահմանների վրա, ուր տանում էին նաև հայկական գունդը «սկսեալ ի չորրորդ ամէ տէրութեանն իւրոյ [=Յազկերտ Բ–ի] մինչև յամն մետասաներորդ թագաւորութեանն» (էջ 19, այլև 27)։ Իսկ այդ լինում էր 442—449 թթ.։ Եղիշեն, ուրեմն, այդ թվականներին եղել է հայկական գնդի հետ Ապար աշխարհում։ Բայց չպիտի կարծել, թե հենց սկզբից մինչև վերջը, որովհետև երկու տարուց հետո Հազկերտն,— ասում է մեր Պատմագիրը,— «արձակեաց զմարզիկսն յիւրաքանչիւր տեղիս, և զայլսն ի նոցա տեղիս փոխանակ առ իւր կոչեաց նովին պատրաստութեամբ։ Եւ այսպէս ամ յամէ սովորութիւն կարգեաց» (19)։ Եղիշեն եղել է այն խմբերից մեկի մեջ և Հազկերտի 12-րդ տարուց առաջ վերադարձել Հայաստան։

Հիմա հարց է, թե իբրև ի՞նչ է գտնվել մեր Պատմագիրը հայ գնդի մեջ Ապար աշխարհում։ Պատասխանը պարզ է։ Նա Ապար աշխարհ գնացել է հայ գնդի մեջ կամ իբրև զինվորական, կամ իբրև հոգևորական, որովհետև գնացող գնդի համար նա գրում է, թե «բարձին ևս ընդ իւրեանս սուրբ կտակարանս բազում պաշտօնէիւք և բազմագոյն քահանայիւք»: Արդ, քանի որ ըստ ավանդության նա զինվոր է եղել և նրա կրոնավորությունը պատերազմից հետո է եղել, ամենայն հավանականությամբ նա Ապար աշխարհում ծառայել է մի երկու տարի իբրև զինվոր 442—448/449 թվականների մեջ։ Ենթադրելով, որ նա զինվորական ծառայությունը («սպաս զինուորութեան») կատարել է 20—25 տարեկան երիտասարդ հասակից, նա ծնված պիտի լինի, ուրեմն, մոտ 420 թվականին[1]։

Եղիշեն, Ավարայրի ճակատամարտից առաջ, եղել է Հայաստանում. զի այդ ճակատամարտի մասին պատմելուց քիչ առաջ գրում է. «Որպէս յայսմ ժամանակի տեսաք աչօք մերովք, զի զնոյն նահատակութիւն նահատակեցաւ և աշխարհս Հայոց» (142)։ Եվ վերջապես՝ պատերազմի մեջ ընկած և կապված նախարարների կանանց մասին գրելիս՝ ասում է. նրանց «ընդ ամենայն աշխարհն Հայոց համօրէն համարել ես ոչ կարեմ. զի բազում այն են զոր ոչ գիտեմ, քան թէ գիտիցեմ։ Զի հինգ

  1. Շահապիվանի առաջին ժողովի (շուրջ 446/447 թ.) մասնակիցների մեջ հիշվում է «Եղիշէ դրան երէց»։ Առանց որևէ հիման կարծում են, թե նա Մամիկոնյան դռան, հատկապես՝ Վարդանի դռան երեցն է եղել և ինքը պատմագիր Եղիշեն։ Դարձյալ՝ Արտաշատի ժողովի (450 թ.) մասնակիցների թվի մեջ հիշվում է «Եղիշա եպիսկոպոս Ամատունեաց»: Սրան էլ նույնացրել են Պատմագրի հետ: