Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/321

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

խոսելով բանտարկված հայ նախարարների մասին, գրում է, թե Պերոզ արքան «ի նմին հինգերորդ ամին զբազմաց նոցա անդրէն զկեանս շնորհեաց, և այլոցն առ յոյսն խոստացաւ՝ յամն վեցերորդ միանգամայն արձակել կենօք և պատուով»: Եվ անմիջապես կցում է. «Բայց ի տեղի այսր ինձ դարձեալ գալ պիտի» (էջ 290 և հտն.): Այդ վերաբերում է նախարարների արձակմանը, որի մասին Պատմագիրը խոստացել է, բայց չի գրել: Պերոզի վեցերորդ տարին համապատասխան է 464/465 թվականին, երբ արձակվում և Հայաստան են վերադառնում նախարարները, ինչպես հաղորդում է նաև Ղազար Փարպեցին, գրելով թե նրանք «եկեալ ի տունս իւրաքանչիւր յամի վեցերորդի թագաւորութեանն Պերոզի» (էջ 240): Եղիշեին, ուրեմն, ծանոթ է 464/465 թ. կատարված եղելությունը: Կնշանակի՝ նա Պատմության այդ գլուխը գրել վերջացրել է այդ թվականից հետո, գուցե և մի երկու տասնյակ տարի հետո, երբ Փիլոնը թարգմանված պիտի լիներ։

Երկրորդ հիմքը հետևյալն է։ Եղիշեն պատմում է, թե մարզպան Վասակը «գրեաց հրովարտակ և աշխարհին Յունաց, ցուցանելով նոցա այլ ընդ այլոյ ստութեամբ, առ այր մի, որոյ Վասակ անուն էր, յայնց Մամիկոնենից՝ որ կան ի ծառայութեան Յունաց։ Եւ… ա յ ր ն ա յ ն ս պ ա ր ա պ ե տ է ր ս տ ո ր ի ն Հ ա յ ո ց, և հ ա ւ ա տ ա ր ի մ զ օ ր ա ց ն Հ ռ ո վ մ ո ց ի ս ա հ մ ա ն ի ն Պ ա ր ս ի ց… Գրէր նա և ցուցանէր հանապազորդ, իբր թէ ամենայն Հայք զկնի իւր միաբանեցին: Եւ զնոյն գիր մեծաւ զգուշութեամբ ներքին Վասակն տայր տանել ի թագաւորանիստ քաղաքն կայսեր» (էջ 135)։ Բերելով Եղիշեից վերևում ընդգծված տողերը, մի բանասեր գրում է. «Ստորին Հայաստան անվան տակ, ակներև է, հասկացվում են Սատրապությունները[1]. դուրս է գալիս, որ Վասակը եղել է սատրապներից մեկը։ …Հայտնի է, որ ոչ Սատրապություններում և ոչ Ներքին Հայաստանում կայսրները զորք չէին պահում և սահմանների, ինչպես և երկրի պահպանությունը դրված էր տեղական ուժերի վրա, մինչև առ ի 529 թվականը, երբ առաջին անգամ Հուստինիանը նշանակեց Հայաստանի ստրատեգ և սրա իշխանությանը ենթակա երեք դուքսեր։ Քանի որ պատմիչը [=Եղիշեն։ Մ. Ա.] խոսում է հռոմեական զորքերի սպարապետի մասին Հայաստանում, այդ անվան տակ ս տ ր ա տ ե գ հասկանանք թե դ ո ւ ք ս ե ր ի ց մ ե կ ը, նրա աշխատությունը չի կարող հիշված 529 թվականից առաջ ընկնել»[2]:

Նախ՝ հասկանալի չէ, թե ինչից է «ա կ ն ե ր և», որ «Ստորին Հայաստան» ասելով հասկացվում են «Սատրապությունները» և ոչ Երկրորդ Հայաստանը[3]։ Ապա՝ Հուստինիանի հրովարտակից բնավ չի երևում, թե նա «ա ռ ա ջ ի ն ա ն գ ա մ ն շ ա ն ա կ ե լ է Հայաստանի ստրատեգի իշխանությանը ենթակա ե ր ե ք դ ո ւ ք ս ե ր»։ Ահա հրովարտակից հարկավոր կտորը. «…Գտանք, որ հարկավոր է նաև Հայաստանի մասերի, Պոլեմոնական Պոնտոսի և Ազգությունների [=Սատրապութիւնք։ Մ. Ա.] համար այս

  1. Տվյալ ժամանակաշրջանում՝ Հռոմայեցոց իշխանության տակ գտնված Հայաստանը կամ Արևմտյան Հայաստանը բաժանված էր հետևյալ չորս մասերին՝ Առաջին Հայաստան, Երկրորդ Հայաստան, Սատրապություններ, որ կոչվում էր նաև Gentes-Ազգություններ, Ժողովուրդներ (Մեծ Հայաստանի Հանձիթ, Անգեղ, Հաշտյանք և Ծոփք գավառները) և սրանից հյուսիս՝ Մեծ Հայաստան կամ Ներքին Հայաստան։
  2. Н. Адонц, Армения в эпоху Юстиниана, С. Петерб., 1908, էջ 126, ծան.։
  3. Մեր միջնադարյան հեղինակները՝ Ներսես Շնորհալին («Ողբ Եդեսիոյ») և Ստեփանոս Օրբելյանը («Ողբ ի ս. Կաթուղիկէն») «Ստորին կողմն աշխարհի», «Աշխարհ Ստորին», «Կողմ Ստորին» անվանում են հին Կոմմագենեն (Եփրատի աջ կողմում, մայրաքաղաքը՝ Սամոսատ) և նրանից հարավ ընկած երկրամասը Եփրատից արևմուտք, աջ կողմից։ Կոմմագենեն սահմանակից է Երկրորդ Հայքին. թերևս կարելի է կարծել, թե Վերջինիս «Ստորին» հորջորջումն է տարածվել իր սահմանակից հարավային երկրամասի վրա։ Օրբելյանը (իր Պատմ. մեջ) այդ «Ս տ ո ր ի ն աշխարհի» նկատմամբ՝ Մեծ Հայքը կոչում է «Վ ե ր ի ն աշխարհ Արևելից»։