Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/47

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պատրաստի վիպական երգը, և նույնիսկ վեպը, իր մեջ ընդունում է նոր տարրեր նոր պատմական անցքերից։

Բացի տարբեր պատմական անձերի և նրանց գործերի այսպիսի միացումից, վեպի մի էական կողմն էլ այն է, որ հերոսները հարում են իրար ազգակցական կամ այլ կապերով։ Մի հին վիպական հայացք է՝ ցեղակցությունն ու ժամանակակցությունը տեսնել ոչ թե ֆիզիկապես, այլ հոգեպես։ Այս նախնական հայացքով քաջերը, բնականաբար, իրար ցեղակից ու ժամանակակից են համարվում[1]։ Ուստի ավանդական վեպի մեջ նրանք համախմբվում են կամ մի մեծ հերոսի շուրջ, ինչպես ռուսական վեպի մեջ, կամ, ինչպես հունական վեպի մեջ, մի նշանավոր իրողության շուրջ՝ դառնալով մի մեծ գործի ժամանակակից ու մասնակից։ Հաճախ սկզբնապես իրարուց անկախ երգերի ու զրույցների հերոսները դառնում են եղբայրներ, կամ հ ա յ ր ու ո ր դ ի և հաջորդում են միմյանց, որով առաջանում են վեպի ճյուղերը կամ սերունդները։ Այս վերջին եղանն են ընտրել հայ վիպասանները թե՛ մեր հին վեպերի և թե՛ նոր վեպի համար։ «Սասնա Ծռերի» հերոսները՝ Սանասար, Առյուծաձև Մհեր, Դավիթ և Պստիկ Մհեր՝ քաջերի մի սերունդ են, հորից որդի հաջորդությամբ, որոնց շուրջն իբրև ազգականներ դրված են Ձենով Հովան, Վերգո, Քեռի Թորոս, Խոր Մանուկ և ուրիշները։ Պատահում է, որ տարբեր անձերի տարբեր ժամանակներում կատարած արարքները հավաքվում են ի մի և վերագրվում մեկ անձի, ինչպես և բազմազան ու բազմաթիվ զրույցներ, նյութով ցեղակից լինելով, միանում են և մի ամբողջություն կազմում։ Այդ ժամանակ նշանավոր հերոսներն ու սիրելի անուններն իրենց են քաշում ուրիշների վրա եղած երգերն ու զրույցները, և նրանց պատկերը հարստանում է։ Այսպես՝ ֆրանսիական վեպի մեջ Մեծն Կարոլոսի անվանն են կապված շատ արարքներ և գծեր, որոնք իրենը չեն, այլ Կարոլինգյան ցեպի ուրիշ թագավորներինը։ Նույնիսկ Մերովինգյան հարստության թագավորների գործերն անցել են Մեծն Կարոլոսի վեպին։ Ասել չի ուզիլ, որ ամենից շուտ միանում են համանուն պատմական անձերի մասին եղած ավանդությունները։ Մի քանի Արտաշեսների երգերն ու զրույցները մեր վեպի մեջ կազմել են մեր վիպական Արտաշեսը[2]։

3․ Վիպասանքի պատմական դարաշրջանն ու ծագումը և ունկնդիր հասարակությունը։— Առաջին ավանդական վեպի համար իբրև նյութ ծառայել են Հայաստանի պատմական դեպքերը մեր թվականությունից առաջ 2–րդ դարի սկզբներից ի վեր։ Այդ ժամանակներում սկսվում է մի նոր պատմական շրջան, տոհմային հասարակությունից անցում է տեղի ունենում դեպի ֆեոդալականը։ Ավելի ևս զորեղ կերպով և արագ առաջ է գալիս տոհմերի միացում, և հայերն ավելի ևս գիտակցում են իրենց իբրև մի ուրույն ազգություն, իբրև մի համալեզու ցեղային ամբողջություն, և ուժ են զգում հանդես գալու իբրև անկախ տերություն։ Վիպական շրջանն սկսվում է հենց այս սոցիալական ու քաղաքական փոփոխությամբ։

— 52 —

  1. Այս հայացքը վիպասաններից անցել է հին պատմագիրներին, որոնց գրածը շատ բանում չի տարբերվում ավանդական վեպից, որովհետև նրանք էլ հաճախ չեն զանազանում բանաստեղծություն, առասպել ու պատմություն։ Այսպես, օրինակ, Խորենացու Հայոց պատմության մեջ գտնում ենք ցեղակցության ու ժամանակակցության այդ հին վիպական հայացքը։ Նա Ա․ գրքի Ե․ գլխի մեջ հայտնում է, թե Նինոսը Բելի որդին չէ, բայց կան այդպես ասողներ, որ «ըստ նշանաւոր և անուանի լինելոյ» պատեհ են համարել այսպես կարգել «զհեռին մօտաւոր»։ Եվ ինքն իսկ Խորենացին ուրիշ տեղ (Ա. 31) գրում է․ «Սիրեմ կոչել այսպէս ըստ քաջութեան՝ Հայկ, Արամ, Տիգրան, քանզի ըստ իմ քաջաց ազգք քաջքն, իսկ միջոցքն՝ որպէս դէպ ումեք թուիցի կոչել»։
  2. Մ․ Աբեղյան, Հայ ժողովրդական առասպելները, էջ 311—315։