Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/50

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նախորդ Երվանդների և ուրիշների արարքներից Հայաստանում նախքան 2-րդ դարը մեր թ. ա․, այլև հետո կատարված դեպքերից։

Ինչպես կտեսնենք, մեր առաջին վիպասանության մեջ կարևոր տեղ են բռնում մարերը, ըստ առասպելին՝ վիշապազները, որոնք բնակվել են Արտաշատի մոտերից սկսած, Մասիսից դեպի արևելք մինչև Գողթն։ Նրանց գավառում հենց Արտաշես Ա. թագավորը շինել է իր մայրաքաղաքը, իբրև Հայաստանի արևելյան և արևմտյան մասերը միացնող միակ հարմար տեղը։ Բնականաբար առաջ է եկել ընդդեմ մարերի մի մաքառում, որ և մտել է վեպի մեջ։ Այս էլ ցույց է տալիս, որ վեպը պիտի ծագեր ու զարգանար և ապրեր հենց այն կողմերում, կամ այն կողմերի մոտիկ տեղերում, ուր բնակվել են մարերը կամ մարացիները։ Սրա համար ունենք մի պատմական վկայություն։ Վեպը, ըստ Խորենացու, պահված է եղել Մարքի սահմանակից Գողթն գավառում․ «Զոր պահեցին ախորժելով, որպէս լսեմ, մարդիկ կողմանն գինեւէտ գաւառին Գողթան» (Ա. 30)․ «Ի վիպասանացն, որ պատմին ի Գողթան» (Բ․ 49), «Երգիչքն Գողթան» (Բ․ 61)։ Որ Գողթան գավառում երկար ժամանակ հարատևել է հին Վիպասանքն իբրև երգ ու պատմվածք, այդ բացատրվում է նրանով, որ այդ կողմերում, ինչպես հայտնի է, դեռ երկար մնում էր հեթանոսությունը, այսինքն նախաքրիստոնեական կրոնը։ Կորյունը Մաշտոցի համար գրում է, թե՝ «Դիմեալ իջանէր յանկարգ և յանդարման տեղիս Գողթան», և ապա թե՝ «Գերեալ զամենեսեան ի հայրենեացն աւանդելոց և ի սատանայական դիւապաշտ սպասաւորութենէն՝ ի հնազանդութիւն Քրիստոսի մատուցանէր … Դիւացն փախստական լինելով՝ անկանէին ի կողմանս Մարաց»։ Բնական է, որ եկեղեցու տեսակետով այդ «անկարգ և անդարման» տեղերի մարդիկը պահեին իրենց հայրենական ավանդությունները, «Դեգերեալ մաշէին… ի հնութիւն հեթանոսութեանց սովորութեանց», սիրեին «զիւրեանց Երգս առասպելաց զՎիպասանութեանն», ինչպես գրում է Բուզանդը։ Եթե Գողթնի բնակիչները նույնիսկ մարական ծագում ունեցած էլ չլինեին,– նրանք կարող էին առնել ու յուրացնել և երկար պահել իրենց հարևան մարերի առասպելներն ու վեպերը։ Այսպես և մեր նոր վեպը՝ «Սասնա Ծռերը» մեր օրերում պատմվել է ավելի Մոկաց և ուրիշ կողմերում, ինչպես և հին Հունաստանում Աքայեցոց վեպը պահել ու զարգացրել են Հոնիացիները։ Թե Գողթնի սահմաններից դուրս ուրիշ ո՛ր կողմերում է տարածված ու պահված եղել Վիպասանքը, մենք այդ չգիտենք։

Մարերի մասին եղած հին ավանդությունները, ինչպես և Արմավիրյան ցիկլի երգ ու զրույցները, որոնք սկզբնապես առանձին-առանձին խմբեր են կազմած եղել, երգիչները, վիպասանները միացրել են Արտաշատյան ցիկլի հետ և կազմել մի վեպ։ Այդ կապված է եղել քաղաքական իշխանության միացման հետ։ Այդ վաղ դարերում արդեն Արտաշատի տերությունը ձգտել և հաջողել է առաջ բերել Հայաստանի զանազան մասերի միացում, և Արտաշատը դարձել է ընդհանուր կենտրոն։ Դրա համապատասխան՝