Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/7

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ապա պիտի ասել նաև հետևյալը: Հին գրականության պատմությունը գրելուց առաջ՝ անհրաժեշտ է, որ եղած լինեին երկու տեսակ քննադատություններ — գրական և բանասիրական: Մեր հին երկերի գրական քննադատությունը, սակայն, մեծ մասամբ չի կատարված: Այժմ գրականագետը պետք է գրեթե միշտ իր գաղափարային ու ձևական վերլուծությունն անի և մեծ մասամբ միայն իր տեսակետները մեջ բերի, հաճախ առանց ուրիշների տեսությանը, որ չկա: Դրանից առաջանում է, հարկավ, անցանկալի միակողմանություն: Ինչ վերաբերում է բանասիրական քննադատությանը, պետք է ասել, որ գրականության պատմության համար առաջուց պիտի որոշված լինեին բանասիրական խնդիրները, ինչպես են՝ տվյալ հեղինակի ապրած ժամանակը, նրա երկերը, կենսագրությունը, նրա ստեղծագործության հանգամանքները և այլն: Առանց դրանց՝ հնարավոր չէ ամեն մի հեղինակ ու երկ դնել իր տեղում իբրև տվյալ ժամանակաշրջանի արտահայտության և գրականության զարգացման պրոցեսն անսխալ կապել հայոց պատմության ընդհանուր ընթացքի հետ: Մեր հին գրականության համար, սակայն, շատ այդպիսի կենսագրական կետեր տակավին որոշ չեն: Կան երկեր էլ, որոնց հեղինակն ու դարն անգամ հայտնի չեն կամ վերջնապես չեն ստուգված: Գրականագետը պատմություն գրելիս՝ ստիպված է կանգ առնելու նաև բանասիրական քննադատության վրա և շատ անգամ մտնելու հակաճառության մեջ ընդդեմ ուրիշների կարծիքների:

Իմ այս աշխատության մեջ հիշված պատմական ու բանասիրական նյութերի պարզաբանումն անհրաժեշտորեն բռնել է բավականին տեղ: Ես չէի կարող, օրինակ, Մովսես Խորենացի և Եղիշե պատմագիրներն ուղղակի 5-րդ դարում կարգել առանց կանգ առնելու հակառակ կարծիքների վրա և մերժելու դրանք, կամ հունաբան դպրոցի սկիզբը 5-րդ դարի երկրորդ կեսից ի վեր ընդունել՝ առանց հերքելու ուրիշների ասածները, և շատ նմանները: Այսպիսի քննաբանությունների մի մասը, որպեսզի սովորական ընթերցողների համար ծանրաբեռնություն չլինի, դրված են գրքիս վերջում իբրև հավելվածներ. մյուսներն առնված են բնագրի մեջ, բայց պետք է տպագրվեն ավելի մանր տառերով և զատվեն մնացածից: Այսպիսի անջատումից հետո՝ կմնա, գլխավորապես («գլխավորապես» եմ ասում) գրականության պատմությունն ըստ իր էության՝ իբրև մի նշանակալից մասն հին հայկական կուլտուրայի պատմության:

Հիմա հարց է՝ հին գրվածքներից ի՛նչը իբրև հատկակի գրական երկ՝ պետք է նյութ դառնա գրա-պատմական ուսումնասիրության:— Անշուշտ գեղարվեստական երկերը: Նոր գրականության պատմության համար այդ պարզ է — դրամա, վեպ, քնարերգություն իրենց ենթատեսակներով: Հին գրականության պատմության նյութի ընտրությունն անելիս՝ նկատի պիտի ունենալ, որ կրիտերիումն անհրաժեշտորեն տարբեր պիտի լինի: Բանն այն է, որ հնումն մեզնում չի եղել ո՛չ դրամա, ո՛չ վեպ այժմյան իմաստով, ոչ էլ ընդհանրապես այնպիսի գեղարվեստական գրականություն, որ