Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/9

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պատումներն ու զրույցները, կամ մանրամասնորեն պատմել են որևէ իրողություն, կամ անկեղծ քնարական զեղումներով նկարագրել իրական կյանքի եղելությունները: Հասկանալի է, որ պատմագիրները, որոնք պատկառելի քանակով են մեր գրականության մեջ, այդ կողմերով մասամբ մտնում են գեղարվեստական գրականության մեջ: Բայց պատմական գրվածքները միշտ առանձին տեղ են գրավել իմ այս աշխատության մեջ նաև ուրիշ պատճառով. դրանք իրենց այն մասերի բովանդակությամբ, որ ժամանակակից են հեղինակներին, սովորաբար լուսաբանում են այն դարաշրջանները, որոնց մեջ ծագել են այդ պատմական և այլ երկերը: Այդպիսով լրացվում է անհրաժեշտ պատմական տեսությունը, որի մասին խոսվեց վերևում:

Մի կողմ են մնում բազմաթիվ մաքուր պրոզայիկ գրվածքներ, ինչպես են՝ ժամանակագրություններ, կենսագրություններ, կանոններ, թղթեր, դավանաբանական ճառեր, մեկնություններ, մաթեմատիկական ու տիեզերագրական երկեր և այլն, հաջորդ շրջանում նաև բժշկական, իրավաբանական և այլ աշխատություններ: Այս ընդարձակ գրականությունից առնված է Անանիա Շիրակացու գործը, որ Եզնիկ Կողբացու գեղեցիկ հակաճառության հետ միասին կազմել են մեր միջնադարյան աշխարհայեցության հիմքը: Մնացածների մասին խոսված է այնքան միայն, որքան դրանք նշանակություն են ունեցել հայկական ընդհանուր կուլտուրայի մեջ, որի զարգացումից մեկուսացած չէ գրականության պրոցեսը:

Մեր հին գրականությունը, ինչպես և ամեն կուլտուրական երևույթ, հարկավ, մեկուսի և անջատ չէ նաև այլ ազգերի ժամանակակից կուլտուրայից ու մասնավորապես գրականությունից: Գրավոր դպրությունը նույնիսկ ծագել է ասորիների ու հույների հետ ունեցած հաղորդակցության հետևանքով և 5-րդ դարից սկսած՝ թարգմանության միջոցով յուրացրել է ընդհանուր քրիստոնեական, առանձնապես բիզանդական գրական տեսակները և ունեցել է նույն զարգացումը, ինչ որ միջնադարյան քրիստոնեական գրականությունը: Ուստի այս աշխատության մեջ ոչ միայն բավականին տեղ է տրված թարգմանություններին, այլև գրականության պատմությունն ամենանախնական դարերից, առասպելներից սկսած, առնված է այլ գրականությունների հետ համեմատոթյամբ:

Այս աշխատության մեջ պարունակվում են հայոց հին գրականության առաջին երկու շրջանները: Պերիոդիզացիան կատարված է ոչ թե ձևականորեն,— ինչպես սովորաբար վարվում են՝ բաժանելով անգիր (բանավոր) գրականություն և գրավոր դպրություն 5-րդ դարից ի վեր,— այլ ըստ բովանդակության, նայելով գրականության մեջ արտահայտված պատմական իրականությանը: Առաջին շրջանը՝ «Նախնական առասպելա–պատմական բանահյուսությունը»՝ սկսվում է հնագույն ժամանակներից և արտահայտություն է հայոց պատմական իրականության մինչև 3-րդ դարը (մեր թ.): Դա միայն ավանդական բանահյուսություն է: Շրջանի կոչումը՝ «Առասպելա-պատմական»՝ արդեն ցույց է տալիս այդ բանահյուսության