Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 3.djvu/97

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ենթադրվում է, թե դրանք իրարուց այնքան հեռու չեն եղել, ինչպես մեր ժամանակի հայերենի բարբառները։ Կային, հարկավ, տարբեր էթնիկական ծագում ունեցող ժողովուրդներ իրենց հատուկ բարբառներով, ինչպես Մարուց կողմերինը, որոնք, ինչպես գրում է Կորյունը, «այլ և վասն խեցբեկագոյն լեզուին դժուարամատոյց էին»։ Թարգմանությունները կատարվել են բնականաբար այն բարբառով, որով խոսում էին քաղաքական ն կրոնական կենտրոնում, Վաղարշապատ մայրաքաղաքում, ուր նստում էր և՛ թագավորը, և՛ կաթողիկոսը, և՛ «Հայոց բանակը», ուր և ձեռնարկել են այդ գործին։ Այստեղ էլ առաջին մեծ դպրոցը հիմնեցին և շատ աշակերտներ ժողովեցին ուսում տալու, «և ինքեանք իսկ,— գրում է Կորյունը— ի կողմանց և ի գաւառաց Հայաստան աշխարհին յորդեալք և դրդեալք հասանէին ի բացեալ աղբիւրն գիտութեանն Աստուծոյ։ Քանզի յԱյրարատեան գաւառին՝ ի կայս թագաւորացն և քահանայապետացն, բղխեցին Հայոց շնորհք պատուիրանացն Աստուծոյ»։ Այրարատյան գավառի ոստանիկ բարբառը, որ Արտաշատի և Վաղարշապատի, 600 տարվա հայ քաղաքական իշխանության կենտրոնների՝ բարբառն էր, անպայման վաղուց գերակշռություն էր ստացած եղել մյուսների վրա և դարձած ընդհանուր խոսակցական լեզու։ Դրանով են հորինված ավանդական բանահյուսության երկերը, և բնականորեն այդ լեզուն էլ դարձել է նաև գրական լեզու։

Այդ անգիր բանահյուսական լեզուն մշակված, կոկված ու հարստացած է եղել վիպասաններից և ընդունակ՝ աջողությամբ արտահայտելու ուրիշ ազգերի ոչ միայն այն գրականությունը, որ բանահյուսությունից է ծագում, այլև առաջին թարգմանիչների գրչի տակ ճոխանալով ու ճկուն դառնալով՝ կարողացել է նույնպիսի աջողությամբ ընդունել եկեղեցական գրականությունը։ Դրան շատ նպաստել է այն, որ մեր այդ հին լեզուն իր խոսքի կազմությամբ — բառերի շարադասությամբ և նախդիրների բազմազան գործածությամբ — շատ մոտիկ է հունարենին և հնարավորություն ունի այս լեզվով գրվածները հեշտությամբ շուռ տալու հայերենի, գրեթե միշտ բառերի դիմաց դնելով համապատասխան բառերը, ինչպես եթե այժմ մենք ռուսերենից գրաբար թարգմանենք, կարող ենք ընդհանրապես ազատ կերպով այդպես վարվել։ Այդպես հունարենից գրեթե բառացի թարգմանված է Ս. Գիրքը։

Հին գրական լեզվի հիմք կազմող ոստանիկ բարբառի սերունդն է, ամենայն հավանականությամբ, արդի Արարատյան հարուստ բարբառը - հին Երևանի, Քանաքեռ, Վաղարշապատ, Օշական, Փարպի, Աշտարակ, Կողբ և այլ գյուղերի բարբառը, որ և հիմք է դարձել մեր նոր գրական լեզվի համար և իր հնչյուններով ու բառերի անաղարտ պահպանումով շատ ավելի մոտ է գրաբարին, քան որևէ ուրիշ բարբառ, ինչպես, օրինակ, ունի գրաբարի պես՝ հարսանիք, և ոչ հարսնիք, խարսնիս, հրսանիք, հարսինք և այլն, ինչպես ուրիշ բարբառների մեջ: Չհիմնավորված կամ շատ թույլ հիմնավորված մի կարծիք է այն,