ԱՌԱՋԻՆ ՄԱՍ
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Ա
ԼԵԶՎԱԿԱՆ ԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1. Բառերի հնչյուններն ու նշանակաթյանները։— Մեր հոգեկան վիճակները՝ զգացումներն ու գլխավորապես մտքերը հաղորդում ենք ուրիշներին և նրանցն ընդունում ենք զանազան միջոցներով, ինչպես՝ ժեստերով, միմիկայով և այլն։ Մտքերի փոխանակության ամենակատարյալ միջոցն է լեզուն կամ խոսվածքը, որի համար իբրև նշանակներ ծառայում են բառերը։ Մենք խոսում ենք բառերով։
Բառն է նշանակություն ունեցող մեկ հնչյունը կամ մի քանի հնչյունների կապակցությունը։ Ըստայսմ լեզվի մեջ ամենից առաջ պիտի նկատի առնել երկու կողմ. 1) բառերի հնչյունները և 2) բառերի նշանակությունները։
2. Բառերի նյութական ու ձևական նշանակությունները։ Բուն և ձևական մաս։ Բառակազմության ձևական մասեր և ածանցական բառեր։— Բառերը, օրինակ՝ սե–ղան, կարող են վերածվել լոկ հնչյունական մասերի, որ է՝ վանկերի՝ սեղան կամ հնչյունների՝ ս–ե–ղ–ա–ն։ Բայց շատ բառեր կարող են վերածվել նաև այնպիսի հնչյունական մասերի, որոնցից յուրաքանչյուրն առանձին նշանակություն ունի։
Առնենք, օրինակ, հետևյալ երեք բառերը՝ քաղաքացի, քաղաքային, քաղաքիկ։ Այս բառերի մեջ գտնում ենք մի ընդհանուր հնչյունական մաս՝ քաղաք, որ և մեր գիտակցության մեջ ոչ միայն հնչյուններով, այլև նշանակությամբ նույն է երեք բառերի մեջ ևս. ուստի և այդ բառերը բաժանվում են երկերկու մասի՝ քաղաք-ացի, քաղաք-ային, քաղաք-իկ, որոնց երկրորդ մասերը՝ ացի, ային, իկ, ո՛չ հնչյուններով և ո՛չ նշանակությամբ չեն նույնանում։ Առնենք ուրիշ երեք բառ ևս՝ քաղաքացի,