Jump to content

Էջ:Manuk Abeghyan Collective works vol. 6.djvu/6

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գյուղացիւ գավառացի։ Այս բառերի մեջ ևս գտնում ենք հնչյուններով և նշանակությամբ մի ընդհանուր մաս՝ ացի, որով այդ բառերն ևս բաժանվում են երկերկու մասի՝ քաղաք-ացի, գյուղ-ացի, գավառ-ացի։ Այս բառերի էլ առաջին մասերը՝ քաղաք, գյուղ, գավառ ո'չ հնչյուններով և ո՛չ էլ նշանակությամբ չեն նույնանում։ Միմյանց հետ համեմատելով առաջին երեք բառերի ընդհանուր մասի (քաղաք) և երկրորդ երեք բառերի ընդհանուր մասի (–ացի) նշանակությունները՝ տեսնում ենք, որ առաջին երեք բառերի ընդհանուր մասն իր հնչյուններով ու նշանակությամբ նույնանալով քաղաք բառի հետ, ցույց է տալիս մի որոշ առարկա, ունի իրական կամ նյութական նշանակություն, համապատասխան իրական աշխարհի պատկերացումներին, իսկ երկրորդ երեք բառերի ընդհանուր մասը՝ ացի չունի նյութական, իրական նշանակություն, որոշ առարկա չի ցույց տալիս, այլ միանալով բառերի առաջին մասի հետ, նրանց նշանակության մեջ փոփոխություն է մտցնում՝ ցույց տալով մի տեղում ապրող կամ մի տեղից ծագում ունեցող անձ։

Բառերի նյութական նշանակությունը ձևափոխող այսպիսի ընդհանուր հնչյունական մասերի նշանակությունը կոչվում է ձևական նշանակություն. ձևական նշանակություն ունեցող բառամասն ինքը կոչվում է ձևական մաս, իսկ իրական կամ նյութական նշանակություն ունեցող բառամասը՝ բառի բուն։

Այսպիսի ձևական մասերով կազմվում են բառերի բներից նոր բառեր, որոնք այլևս նույն նշանակությունը չունեն, ինչ որ բները, այլ ցույց են տալիս մի ուրիշ գաղափար, մտքի մի ուրիշ առարկա։ Օրինակ՝ քաղաք բառի նշանակությունն ացի, ային, իկ ձևական մասերով այնպես է փոխվում, որ քաղաքացի բառն այլևս քաղաք չի ցույց տալիս, այլ քաղաքում ապրող կամ քաղաքից ծագում ունեցող մի անձ, քաղաքային` քաղաքում եղած կամ քաղաքի վերաբերյալ (մի բան), իսկ քաղաքիկ նշանակում է ո՛չ թե քաղաք, այլ փոքր քաղաք։ Դրանք բոլորովին տարբեր բառեր են տարբեր նշանակությամբ, դրա համար և այնպիսի ձևական մասերը, որոնցով կազմվում են տարբեր նշանակությամբ նոր բառեր, կոչվում են բառակազմության ձևական մասեր (մասնիկներ) կամ ածանցներ (ածանցական մասնիկներ), իսկ նրանցով կազմված բառերը կամ ձևերը՝ բառակազմության ձևեր կամ ածանցական բառեր։

3. Բառափոխության ձևական մասեր և բառաձևեր։— Առնենք մի ուրիշ շարք բառեր՝ քաղաքի, քաղաքից, քաղաքով, քաղաքում։ Այստեղ էլ այս բառերի բունն է քաղաք, որի մեջ է նրանց նյութական նշանակությունը, իսկ ձևական մասերն են՝ ի, ից, ով, ում, որոնք ավելանալով քաղաք բնի վրա՝ ձևափոխում են նրա նշանակությունը և կազմում նոր բառեր։ Բայց այս ձևափոխությունն իր բնավորությամբ տարբեր է նախորդից։ Մինչդեռ բառակազմության ձևական մասերով կազմված ածանցական բառերը տարբեր նշանակություն ունեն, քան իրենց բները,—