Էջ:Matteos Zarifian, Works.djvu/100

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մեզ ստվերը. կը ժպտեի այդ բեռան տակ, որովհետև կը սիրեմ նաև տարօրինակ տառապանքը ստվերին։ Բայց կը մեղքնայի որ այնքան տժգույն էր սիրականս…

Երբ վայրի բլուրեն իջանք ու հասանք ծովափ, ան ձեռքը դրավ ուսիս ու պաղատեցավ որ ազատեմ զինքը այդ տրտմութենեն․․․ Ըսավ՝

— Կը սառեցնե՜ հոգիս…

Փայփայեցի այդ պզտիկ ձեռքը և պատասխանեցի՝

— Դիտե՛նք թե ինչպես կը քնանա ծովը…

ԴԵՊԻ ՄԵԾ ԱՆՏԱՌԸ

Կը քալեինք կողք-կողքի, առանց խոսելու, երկու քենոտ պզտիկներու նման։

Ճամբան հետզհետե կ’երկարեր։ Դեպի մեծ անտառը տանող ճամբան․․․

Բայց հակառակ որ երկար ժամանակե ի վեր կը քալեինք, դեռ չէին երևեր հսկա կաղնիները։

Քալելով հանդերձ, ըսի իրեն, քիչ մը հեգնոտ և դիմաց նայելով.

― Ո՞ւր կ’ուզեիր ըլլալ այս պահուն. ահա իրիկնամուտ է արդեն։

Ան ալ, առանց նայելու ինծի, և միշտ քալելով, ըսավ մեղմաձայն․

― Ամենեն բարձր լեռան մը կատարը, բացի քեզմե՝ ամե՛ն ուրիշ բան տեսնելու համար…

Ու կանգ առավ հանկարծ, իր թևերով փարեցավ վզիս և համբուրեց՝ այնքա՛ն տարօրինակ որ կարծես թե ա՛ն պիտի մեռներ։

Այդ երեկո ա՛լ չկրցանք հասնիլ մինչև մեծ անտառը…

ԱՆԲԱՑԱՏՐԵԼԻ ՍԵՐ

Երկար ժամանակե կունկնդրեի իրեն, առանց բառ մը հասկնալու ըսածներեն։

Անկարելի բան մը խնդրողի երևույթը ուներ։ Խորունկ անձկության