Էջ:Matteos Zarifian, Works.djvu/101

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ծալքեր ուներ բերանը։ Բայց չէի կարող նայվածքս հեռացնել իր ճերմակ վիզեն, ուրկե պզտիկ սարսուռներ կ’անցնեին։
Այնքան տգե՜ղ էր ան։
Ու ես կը պաշտեի զինք իր տգեղությանը և տրտմությանը համար։

ԳԳՎԱՆՔ

Երբ լռեց, դեմքը կապուտցավ, ճիգ կըներ չլալու համար։
Այնքան հպարտ էր։
Կը նայեի իմ ամենեն քաղցր նայվածքովս ու դառն բառեր կը մրմնջեի իրեն։
Այն ժամանակ դեմքը առավ ձեռքերուն մեջ ու տղեկի մը պես հեծկլտաց։ Հիվանդ էր…
Պզտիկ անտառի մը մեջ էինք, քանի մը ծեր բարդիներու ստվերին։ Ի՜նչ դեղին էին տերևները որ կը թափեին մեր ուսերուն…

ԵՐԲ ԶԻՍ ԿԱՏԵ

Երկար ատեն դիտեցի տառապիլը։ Կը սիրեր զիս՝ առանց հույսի, սիրտը լեցված մեծ տրտմությունով։ Մտիկ կ’ըներ դառն խոսքերուս և կարծես կ’օրհներ զիս…
Երկար ատեն դիտեցի տառապիլը։ Կ’ատեի այդ տգեղ գութը իր հոգվույն երբ ինծի կ’երկարեր զայն, չորացած ծաղկի մը պես և առանց բանաստեղծության։
Ան տժգունեցավ՝ վարդի մը նման սպիտակ…
Երեկո մը, երբ նստած էինք քովե քով, նայվածքս տրտում՝ դատարկին հառած, հանկարծ ան մեծ ատելություն զգաց ինծի դեմ։ Նայեցավ մինչև խորերը հոգիիս և հպարտութենեն դողդոջուն ըսավ.
― Արժանի չե՛ս ինծի։ Այս երեկո միայն կը հասկնամ թե ինչու չես կրնար սիրել անմեղությունը հոգիիս։ Գնա՜։ Մի՛ կորուստի մատներ զիս։ Այս աչքերը ա՛լ պիտի չվառին ցանկությունովը քեզ տեսնելու…