Jump to content

Էջ:Matteos Zarifian, Works.djvu/31

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Լո՜ւռ վշտերեն ծյուրած տժգույն այտերով,
Հին երազիս գիշերի գույն ավերակներն հոգիիս մեջ,
Բայց աստղերուն անդորրոթյունն աչքերուս՝
Ահա այսպե՛ս կուգամ ձեզի,
Ձեզի՝ լեռներն իմ երազիս, նո՜ր երազիս,
Թևերուս մեջ գրկած հոգիս․․․

Ի՜նչ հեշտություն է այս փռված՝ ճամբուդ վրա․
Կողերդ ի վեր կը մագլցիմ առանց հևքի,
Մայրամուտի թե՛ լույս թե՛ մութ շողերուն մեջ
կարծես հալած․․․

Հոգի՜, հոգի՜ եմ համակ,
Կամ մեղեդի մը ներդաշնակ՝
Որ երկրեն վեր, վե՛ր աստղերուն կը ձգտի՜…
Ինչքա՜ն հեռու են, ինչքա՜ն օտար, ինչքա՜ն վար՝
Հողն ու դողը աշխարհի…
Շշուկ մը իսկ չի հասնիր հոս, վարի հըսկա ժխորեն,
Այնքա՜ն վերն եմ…
Բայց դեռ այնքա՜ն, այնքա՜ն վերն է
Վարդագոյն ձյունը կատարիդ, օ՜, բարձունքն
իմ երազիս,
Նո՜ր երազիս…


ՏԻԵԶԵՐՔԸ ԵՎ ՀԱՄԲՈՒՅՐՍ


Այս իրիկուն՝
Մանիշակներն իր աչքերուն
Երբ համբուրել կ’երթայի,
Հանկարծ կեցա՝ օրորուն
Եզրը կապույտ շուքերուն…
Մըտածեցի.—
Ո՞րն է հարգի,
Մեկ մանիշակըն իր աչքին,
Թե մարգրիտներն երկինքին։