Էջ:Matteos Zarifian, Works.djvu/40

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
Ու ես քեզի, տես, կը բերեմ

Հոգի մը ծեր…
Աստղերո՛ւն տար — ես կը ներեմ —
Համրույրդ ու սեր…
 ՝
Պըզտի՛կ աղջիկ, անո՛ւյշ աղջիկ,
Ինձմե հեռո՜ւ,
Կը վայլեն քու վարդ ու հասմիկ
Աստվածներո՜ւ…

ՄՈԼՈՐՈԻՄ
«Երթա՜նք, երթա՜նք», կ’ըսեր, «հեռո՜ւն,
Մութ բըլուրին ծաղիկներուն,
Հոն նվազի՜նք անհունորեն՝
Բըլուրին մութ ծաղիկներեն…»

«Չերթա՜նք, չերթա՜նք», ըսի իրեն,
«Չե՞ս վախնար մութ հեռուներեն.
Ես լըսած եմ մահերգն անհուն
Մութ բըլուրին ծաղիկներուն…»

Չուզեց լըսել, գընաց հեռուն,
Մութ բըլուրին ծաղիկներուն,
Դեռ կ’իմանամ լացը իրեն՝
Բըլուրին մութ ծաղիկներեն…

ԿԸ ՁՅՈԻՆԵ
Հոգիս կեսգիշե՛ր մ’է ձմեռնային,
Ուրկե տակավին երկինք կընային
Հիվանդ ու անտեր
Քանի մը լապտեր…

Բայց ալ կը ձյունե՜ ճամրուն վրա Հույսին
Ուր հոգի տվող սերեր կը մրսին:
Սև ճամբորդ մ’հեռվեն
Կուգա համրորեն…