Էջ:Matteos Zarifian, Works.djvu/44

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԿԱՐՈՏ

Կուզեմ երթա՜լ ես նորեն
Հին օրերու Աղբյուրին.
Ահ, որքա՜ն քաղցր էր, դյուրի՜ն,
Ըմպել այդ ջուրը լըռին,
Ծունկի վըրա, համրորեն․․․

Կ’ուզեմ ըլլալ ես նորեն
Այդ Աղբյուրեն, ահ, գինո՛վ,
Կ’ուզեմ բանալ, քովե քով,
Հիվանդ ձեռքերըս, ժամերո՛վ
Ըմպելու ցուրտ այդ ջուրեն․․․

Երթա՜մ Աղբյուրը նորեն…

ՍՊԱՍՈԻՄ

Այս իրիկուն,
Ահ, տարորե՛ն քաղցրությունը իմ աչքերուս․․․
Իմ աչքերուս՝ որոնց շըքեղ գիշերին մեջ՝
Ահա՜, ահա՜,
Հոգիս եկեր կը քընանա․․․

Իրա՛վ, իրա՛վ, աչքերուս մեջ,
― Ահ, չե՞ք տեսներ ―
Հոգի՛ս է որ պառկած հիմա
Հստակ, հստակ կը քընանա․․․
Կը քընանա՝ անտառներու կույսի մը պես,
Իր Երազին շղարշներով փաթթված․․․
Ու երազին մեջ կ’երգե.—
Ան հիմա
Պիտի գա՜․․․