Էջ:Matteos Zarifian, Works.djvu/54

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ահա՜, ահա՛
Ինձ կ’երևա
Անհունասույզ այդ մեծ ճամբան արփավետ
Որ կ’սկսի հոգիեդ…


ԾՈՎՈԻՆ ԴԻՄԱՑ

Հոգիս այսօր մութ-կապո՜ւյտ է ծովուն պես,
Եկուր լըռել իր ամայի ափունքին…
Հոգիս այսօր ե՜րգ ունի ճի՛շտ ծովուն պես,
Եկուր լըսել՝ մինչև աչքերըդ թըրջին…

Գիշեր է, մե՜ծ լուսնկայով արծաթե,
Բայց լույսն այս ցուրտ, օ՜, չեմ կըրնար սիրել ես.
Իմ լուսնկան դո՛ւն ես, ամպե մը ծաթե՛,
Եղիր Աստվա՜ծն իմ երկընքին տրտմերես…

Հոգիս այսօր խենթեցե՜ր է ծովուն պես…


ԹՌՉՈԻՆՆԵՐԸ


Ահ, կ’երգե՜ն շյուղերեն…
Նոր ծաղկող գարունին
Ամբողջ հև՛քը ունին
Կյանքն այնպե՜ս կը սիրեն…

Ու կ’երգե՜ն, ու կ’երգե՜ն,
Ճառագայթ կըտցելով…
Ահ, այնպե՜ս են գինով
Արևեն ու կյանքեն…

Սենյակես, երկյուղած,
Կ’ունկնդրեմ այս երգին.
Ու հոգիս անձկագին,
Աղոթե՜լ կ’ուզե ցած․․․