Էջ:Matteos Zarifian, Works.djvu/64

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Երգե՜լ… Բայց սեմիս վրա է, ահա
Մա՜հը՝ իր դեղին կըզակը ցըցած.
Ու մերթ, ա՜հ, այնպես բիրտ Ան կը խընդա,
Որ կ’անիծե՜մ Քեզ, նույնիսկ Քե՜զ, Աստված…

ԹՈՂԵՔ ԶԻՍ…

Թողեք զիս՝ ննջե՜մ…
Այնքա՜ն եմ խըռով՝
Գարուն գիշերով.
Ո՞վ եմ ես, ի՞նչ եմ…

Թողեք զիս, դևե՜ր,
Մի՛ նետեք զիս ծով,
Գարուն գիշերով…
Սիրտ չունի՞ս դուն, Տե՜ր…

ՍՊԱՍՈՒՄ

Ձըմեռ։ Ու դեռ կը սպասեմ, զերդ մահապարտ՝ ժըպտելեն,
Իրերն ալքիս կ’երևան հեռու աստղեր մշուշոտ.
Հոգիիս փակ մատուռեն մեռած սուրբեր կը քալեն.
Իրավ, որո՞ւ կը սպասեմ, այսպես ուրախ ու թախծոտ։

Իրե՜ն։ Գիտեմ թե երբեք պիտի չիջնե՜ Ան իմ մոտ.
Չիջա՛վ արդեն Ան երբե՜ք… ու ես զոհ եմ չիջնելեն.
Աչքերն աչքիս կ’երևան հեռու աստղեր մշուշոտ.
Հոգիիս փակ մատուռեն մեռած սուրբեր կը քալեն…

Եկուր, եկո՜ւր այս գիշեր, սիրուհիի մը հանգույն,
Ո՜վ Մահ, քեզի՛ կը սպասեմ մահճիս վրա՝ ժպտելեն.
Մարմնիս ըղձերը բոլոր եղան աստղեր վարդագույն,
Ու հոգիիս մատուռեն սուրբերը մեղմ կը քալեն…