Jump to content

Էջ:Matteos Zarifian, Works.djvu/68

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հսկա մուրճովն իր արևուն՝
Աստված դարե՜ր աշխատեր էր անոր համար։
Այդ մարդերուն
Քանի մը ժամը բավեց
Զայն խլելու իր հոգնաբեկ բազուկներեն…

Իր մահեն ետք,
Ա՛լ չզգացի, երբ փոթորիկն եղավ մըռայլ,
Խորն ամայի դաշտերուն.
Մըտածումս իջեր էր վա՜ր Լեռներեն…

Հիմա աղվոր գարուն է.
Եվ անցյալ օր,
Մղում մ’համառ նորեն քայլերս մղեց հոն,
Խորն ամայի այն դաշտերուն.
Եվ հուզումես ինկա ծունկի

Կացինահար ծառն էր նման շիրմաքարի
— Սև գերեզման մը խոժոռ —
Բայց իր կողեն
Արծվաթըռիչ նիզակներու խրոխտանքով՝
Բարունակներ ժայթքեր էին դեպի երկինք։

Անոնց մեջեն
Նորափետուր թռչուններ ե՜րգ կ’երգեին…

ԱՊՐԻԼԻ ԳԻՇԵՐ

Ավերակույտ ու մեռելնե՜ր ամեն դի…
Ի՜նչ փույթ, ահա վարդերն աղվոր կը բացվին.
Կյանքն է նորե՜ն հեշտին, ի՜նչ փույթ…
Նորեն բոսոր արշալույսներն
Եվ աղջիկներն իրիկնանույշ՝
Կը հեղեղեն
Հոգիներու մեջ կիսափուլ՝
Սեր ու գինի ու ճառագայթ…