Էջ:Matteos Zarifian, Works.djvu/78

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

. . . . . .

Գիշեր՝ վայրի և անույշ։ Պզտիկ սենյակիս մեջ առանձնացած, սեղանիս մտերմիկ գզրոցները բացած, կարգ մը թուղթեր ու լուսանկարներ կը պրպտեմ։ Կուլամ դառնորեն, կուլամ՝ անոր սիրական պատկերներուն առջև, ու կարծես անոր մելամաղձոտ նայվածքեն սիրտս կը բզկտվի։ Իմ խեղճ սիրտս որ արդեն երկա՜ր երկա՜ր ժամանակներե ի վեր բզկտվեր է։ Ի՞նչ եմ ես։ Ի՞նչ կը փնտռեմ դեռ այս խավարին մեջ...

Հունիս 1921

Ահավոր օրեր կ՚անցընեմ նորեն. նորեն աչքերս կը լողան մաթի մեջ։ Քանի օր է՝ խելագարության սարսուռն է կարծես, որ կը պտտի միսիս վրա. կը վախնամ Հայելիի մեջ նայելե: Եթե շուտով չվերադառնամ հոգիիս այն աղվոր խաղախությանը, որ ատենե մը ի վեր ցրվեր էր շուրջիս գիշերը, եղերական արարք մը պիտի գործեմ նորեն։

Ահա հոս, այս սեղանին առջև նստած եմ, շեմ գիտեր ինչո՛ւ. այս սենյակը մեր վարժարանին Ուսուցչարանն է. ժամը գիշերվան երկուքն է. ի՞նչ գործ ունիմ հոս։ Պեյլերը նստած էի քանի մը ժամ առաջ։ Ինչո՞ւ տուն չգացի. խելագարա՞ծ եմ. երեկ գիշեր ալ այսպես ըրի։ Տրտմությունը քամիի պես կը քշե կը տանի զիս։ Հոգիս թևերուս մեջ գրկած՝ տեղե տեղ կը վազեմ, առանց գիտնալու թե ուր պետք է կենալ՝ ազատվելու համար այս սև քամիեն...

. . . . . .

Հին սիրելի բարեկամներ սկսան երես դարձնել ինձմե... խեղճե՜րը... Կ՚ամբաստանեն զիս՝ վերջերս գործած ծայրահեղություններուս համար: Չեն հասկնար զիս. չեն գիտեր թե այն հողը որ ես կը կոխեմ՝ իրենց կոխած հողը չէ. թե՝ ես ուրիշ տեղ տարած եմ իմ հոգիս, և իրենց ու աշխարհի վրա կը նայիմ հեռուեն, հեռուեն...