Էջ:Matteos Zarifian, Works.djvu/99

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դեպի հեռավոր տժգունությունները, ուր կը հուսամ գտնել բարեգութ քարեր, հանգչեցնելու համար գլուխս։
Բարձրաճակատ կը քալեմ կես ժամու չափ՝ այս վայրի ստվերներու մեջեն և հոգիս կը լեցվի դիակներու խաղաղությամբ:
Մեծ, շփոթ աչքեր կը բանամ, որոնք սակայն նայվածք չունին, որովհետև մտածումիս պարապին մեջ կը տիրե լռությունը աստղերուն։
Ձեռքերս սառած են:
Դիակներու նույն անդորրով կը դառնամ սենյակս, ճակատս կը դնեմ սառած ապակիներուն, բայց չե՜մ լար…

ՀԻՎԱՆԴԱԳԻՆ ՆԱԽԱԶԳԱՑՈՒՄ

Տատրակ մը կը լողա ծովուն վրա, ծովուն՝ որ կը թվի մեռած հոգի մը ըլլալ․․․
Պատուհանիս առջև նստած՝ կը նայիմ այդ ճերմակ թռչունին ու կը դիտեմ ծովը անալիք…
Տրտմորեն կ’երազեմ իմ դժբախտ սիրականիս.․.
Սա թռչունին նման, ան կը լողա հոգվույս մեջ, և հոգիս մեռած ծով մըն է անհուն…
Օր մը, ճերմակ տատրակը իր գլուխը պիտի մխրճե ծովուն մեջ և ալ վեր չպիտի առնե զայն․ այս կապույտ ջուրը պիտի սպաննե խեղճը։
Կը սոսկամ, երբ կը մտածեմ որ թերևս այդպես պիտի ըլլա, նաև, իմ հե՜ք սիրականիս համար․․․

ՄՂՁԱՎԱՆՋ

Այդ օրը ծովը այնքան թափանցիկ էր որ մտածել կ’ուտար անդորր հոգիներու…
Ի՜նչ քաղցր պետք է ըլլա անդորրությունը հոգվույն, ուր զղջումի մը ստվերը չէ ինկած երբեք, և որ կը լողա եթերեն իջնող լույսերուն մեջը։
Այն որ այդ տեսակ հոգի մը անի՝ Հրեշտակ կ’անվանվի…
Այդ օրը՝ վշտալի հոգիներ ունեինք, ծանր թևերով կը հնչեր