Էջ:Maxim Gorky, Legends and poems (Մաքսիմ Գորկի, Լեգենդներ և պոեմներ).djvu/17

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Երկընքի նման մարմնով իր լուսեղ
Իր սիրած տղին ծածկելով Մահից–
Պատասխան տվեց Աղջիկը խիզախ.
«Սպասիր մի քիչ, դեռ մի հայհոյի,.
Աղմուկ մի հանի, մի դիպչի սրան,
Մի հնչեցրու գերանդին քո սուր.
Կըգամ, կըմտնեմ իսկույն գերեզման—
Միայն թե սրան—երկար կյանք դու տուր։

Մեղավոր եմ ես, չեկա ժամկետին,
Կարծում էի, որ—դու շատ ես մոտիկ,
Թույլ տուր սիրածիս ես գրկեմ էլի–
Կյանքը նրա հետ շատ է ցանկալի…
Նա էլ–լավն է շատ. նայիր՝ հուրհուրան
Ինչպիսի չքնաղ, ինչպիսի վսեմ
Հետքեր է թողել նա կրծքիս վրա.
Տես՝ կակաչներ են կրակե ասես…»։

Մահն, ամաչելով, կամաց ծիծաղեց.
«Արևի հետ է համբուրվել ասես…
Բայց—մենակ դու չես իմ հոգսը կյանքում,
Շատերին պիտի ես մահ տամ ու քուն.
Ես ժամանակին լավ եմ ծառայում,
Գործ շատ կա, իսկ ես– զառամ եմ արդեն.
Ամեն մի վայրկյանն ինձ թանկ է կյանքում-
Հավաքվիր, աղջի, ժամանակն է, դե…»։
Պնդում է աղջիկն.
«Իմ սիրածը ինձ
Երբ գրկում է—էլ ոչ երկինք, ոչ հող.
Լցվում է հոգիս կարոտով աննինջ,
Վառվում է իմ մեջ երկնային մի շող…
էլ սարսափ չկա գալիքի հանդեպ,
Ոչ մարդ է էլ պետք, ոչ երկինք անհուն.
Մանկան պես — խինդը իրենով է խենթ,
Եվ իրենով է սերը հիանում…»։

Լսում է մահը, մտածկոտ ու սև,–
էհ, ո՞նց կասեցնի այս երգը անվերջ,