Էջ:Metsapativ murackanner.djvu/12

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ուրիշ ոտք չունինք, այս ոտներով պիտի ելնենք,— պատասխանեցին պանդուխտներն այնպիսի խղճուկ կերպով մը, որ կարծես թե իրենց աղքատության պատճառով երկու ոտքեն ավելի չէին կրցած ունենալ, և որպես թե հարուստներն չորս, հինգ կամ վեց ոտք ունեցած ըլլային։

— Վա՛ր իջեք, չեմ ուզեր, գետինը ձգեցե՛ք, ես կը տանիմ։

— Ատանկ ավելի աղեկ կըլլա։

— Ա՛հ, ես ի՞նչ ըսեմ իմինիս, որ գործի չերթար, և առտվնե մինչև իրիկուն սրճարանները կերթա, կը նստի, ազգային գործերու վրա կը խոսի, զիս ասանկ խեղճ կը թողու, և ես ալ կստիպվիմ տունս մարդ դնելու,— մռմռաց ինքնիրեն տիկինն և սանդուղին առջև դրված թաց լաթով մը սանդուղին առաջին աստիճանն սրբել սկսավ։

— Տիկին, մենք սպասե՞նք պիտի․․․

— Եթե խելքը գլուխը մեկն ըլլար,– շարունակեց տիկինն ինքնիրեն,— ես հիմա թագուհիի մը պես կյանք կանցունեի․ զավակ չունիմ, բան չունիմ․ բայց ինչ ընեմ, որ խելքը միտքը թաղական[1] ընտրելու և թաղական վար առնելու վրա է։ Աստուծմե գտնան այն թաղականներն ալ, որ ամենուս խեղճությանը պատճառ կըլլան կոր։ Ինչո՞ւդ պետք քուկին, տնաշեն, ուզողը նստի, չուզողը չնստի, դո՞ւն մնացիր այս ազգին գործերը շտկող․․․

— Տիկին, մեր իրավունքը տուր, որ երթանք, պարապ տեղը չսպասենք հոս,— ըսին բեռնակիրները։

— Վաղը եկեք,— պատասխանեց տիկինն․ և բեռնակիրներն, որք վաղը բառն ամեն օր լսելու վարժված էին, տիկնոջ պատասխանին վրա դռնեն դուրս ելան։

— Թաղականի մը ետևեն է ինկեր,— շարունակեց տիկինն դարձյալ, և բնավ չմտմտար, որ ուտելու համար հաց պետք է, միս պետք է, եղ պետք է, բրինձ պետք է․ զանոնք եփելու համար փայտ պետք է, ածուխ պետք է․ ասոնք բնավ չհարցուներ, առտուն լուսը չճեղքված կերթա և իրիկվան մութուն կուգա։ Ահա հյուրերնիս այսօր եկած է և ժամե մը հոս պիտի գա․ հարկավ անոթի է մարդն, առջևը բան մը հանելու է, որ ուտե, և մենք բան մը չունինք, վասն զի իրիկունները տուն եկած ժամանակ կտոր մը միս կամ ձուկ չբերեր, որ տունին մեջ կերակուր գտնվի․․․ թաղականեն ուրիշ բան չունինք տուներնուս մեջ, ամեն իրիկուն թաղական․․․

Տիկինն դեռ դիտողություններն լմնցուցած չէր, և ահա յոթանասունի մոտ մարդ մը, որ բանալիով բացած էր դուռն, ժպիտով ներս մտավ և բարևեց

  1. Այսինքն թաղական խորհրդի անդամ։
    Թաղական խորհուրդ— ըստ ազգային սահմանադրության տաճկահայերի ինքնավարական օրգանների հիմնական բջիջն էր,— թե Պոլսում և թե գավառներում— որ ընտրվում էր տեղական ժողովրդի կողմից շրջանի ազգային-կուլտուրական գործերը տնօրինելու համար։