Էջ:Metsapativ murackanner.djvu/19

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Կերակուրդ պատրաստվելու վրա է, հիմա պիտի բերեմ,— ըսավ տիկինը և դուրս ելավ նորեն դռան առջև էրկանը սպասելու համար։

— Ի՞նչ տեսակ կնիկ է այս,— ըսավ Աբիսողոմ աղան, երբ առանձին մնաց,— զիս անոթի կը պահե և կը պատվիրե, որ հանգիստ ըլլամ․ անոթի մարդը հան­գիստ կրնա՞ ըլլալ․․․

— Սեպե՛ թե ես ալ քու քույրդ եմ կամ աղջիկդ եմ,— ըսավ վաթսունամյա տիկինը դարձյալ ներս մտնելով,— եթե բան մը կուզես, մի՛ քաշվիր, ըսե ինծի, որ բերեմ։

— Շնորհակալ եմ։

— Ես կուզեմ, որ իմ տունս եկող հյուրերր չնեղվին։

— Կը հասկնամ․ հիմակուհիմա կերակուրեն ուրիշ բան չեմ ուզեր։

— Կերակուրը պատրաստվելու վրա է, հոգ մի՛ ընեք․․․

Տիկինը դեռ պիտի շարունակեր յուր բանակցությունն, բայց դուռը զարնվելով՝ դուրս վազեց շուտով, որպեսզի դուռը բանա, էրիկը դիմավորե և բերած պաշարներն առնե ու կերակուր եփե։

— Ողջույն, տիկին,— ըսավ մեկը դուռը բացվելուն պես։

Հարկ չկա ըսելու, թե եկողը կրոնավոր մ՚էր, ինչու որ անոնք միայն կը գործածեն ողջույնը։

— Օրհնյա՛ տեր,— պատասխանեց տիկինը։

— Ի՞նչպես եք, աղե՞կ եք, տիկին։

— Փառք աստծո, տեր հայր։

— Մանուկ աղան հիմա դեմս ելնելով իմացուց, որ հյուր մը եկած է ձեզի այսօր, ես ալ եկա, որ հետը տեսնվիմ։

— Շատ աղեկ ըրեր եք, ներս հրամմեցեք, տեր հայր,— ըսավ տիկինն՝ ցույց տալով խուցն, որուն մեջ Աբիսողոմ աղան յուր անոթությամբը կզբաղեր։

Քահանան ներս մտավ։

Աբիսողոմ աղան ոտքի ելավ։

— Ողջո՛ւյն, Աբիսողոմ աղա։

— Օրհնյա՛, տեր հայր։

— Մեղավորս ձեր բարեպաշտության գալն իմանալով՝ աճապարանոք եկա ձեր ջերմեռանդության պատվական որպիսությունը հարցնելու, ի՞նչպես եք, Աբիսողոմ աղա։

— Աղեկ ենք։

— Միշտ աղեկ ըլլա՛ք, տեր աստված ձեր մեռելոց արքայություն և կենդանյաց ավուրս երկարս պարգևեսցե։

— Շնորհակալ եմ․ դուք ի՞նչպես եք, տեր հայր։

— Մեր աղեկությունը մի հարցունեք․․․ ժամանակիս աղեկությունը․․․ Տեր