Էջ:Metsapativ murackanner.djvu/45

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


— Ատ դժվար է։

— Շատ լավ, վաղը կը նայինք

— Եթե կուզեք մեքենան հոս բերեմ վաղը։

— Այո՛, այո՛, հոս բերե՛ք,— կրկնեց Մանուկ աղան, վասնզի չվայլեր, որ Աբիսողոմ աղան ձեր սենյակը գա։ Մեծ մարդերը միշտ իրենց տուներուն մեջ քաշել կուտան պատկերնին։

— Գլխուս վրա,— ըսավ Դերենիկն և ձեռները շփել սկսելով ոտքի վրա ելավ և կոտրվիլ սկսավ այնպես, որ խոսք մը ըսել կուզեր և կը քաշվեր։

Հայտնի է, թե այն մարդն, որ բան մը ըսել կուզե և կը քաշվի, անպատճառ ստակ պիտի ուզե։

— Վաղը մեքենան հոս բե՛ր,— ըսավ Աբիսողոմ աղան։

— Շատ լավ,— պատասխանեց պատկերհանը միշտ կոտրտվելով և ձեռները շփելով։

— Վաղը մեքենան հոս բե՛ր՝ ըսինք ա՛,— կրկնեց Աբիսողոմ աղան տեսնելով, որ պատկերհանը չերթար։

— Այո, հասկցա, մեքենան վաղը հոս պիտի բերենք,— պատասխանեց նորեն Դերենիկը,— բայց սովորություն մը ունինք մենք, որ․․․ ներեցե՛ք սակայն։

— Ըսե՛ք։

— Բայց կաղաչեմ, ծանր չգա ձեզի։

— Ծանր չգար ինծի։

— Սովորություն մը ունինք, որ եթե մեքենան մեկու մը տունը տանել հարկ ըլլա, կանխիկ գումար մը կառնենք․․․ ոչ թե վստահություն չունենալուս համար, այլ սովորություն մը հարգելու համար։

— Ատ ի՞նչ գեշ սովորություն է․․․

— Վերջապես սովորություն մ՚ է։

— Շատ լավ․․․ երկու ոսկի կը բավե՞։

— Այո՛, կը բավե։

— Աբիսողոմ աղան երկու ոսկի տվավ պատկերհանին, որ դուռը բանալն և աներևութանալն մեկ ըրավ։


Է

Կան մարդեր, որ ցցունել կուզեն, ինչ որ չունին. կան ալ, որ ցցունել չեն ուզեր, ինչ որ ունին․ կան նաև որ ցցունել կուզեն, ինչ որ ունին։ Աբիսողոմ աղան վերջիններեն էր․ կը փափագեր, որ բոլոր աշխարհ իմանա ագա­րակներ ունենալը, և յուր փափագն իրացնելու համար ստակ ալ չէր խնայեր։ Այսպես, երբ ըսին իրեն, թե մեծ մարդերն իրենց պատկերներն ունին, հավանեցավ, որ ինքն ալ իրենն ունենա, բայց կասկածելով, թե խաբված ըլլա