Էջ:Metsapativ murackanner.djvu/8

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


— Եվ ես վեհանձնաբար վարվեցա այս պարագային մեջ։

— Տարակույս չկա։

— Չվարվեցա այն խմբագիրներուն պես, որք օտարականի մը Պոլիս գալն իմանալուն պես՝ վազելով անոր տունը կերթան բաժանորդ գրելու համար։

— Այդ չվառականներն իրավունք չունին քու անձնականությունդ խծբծելու․․․ դուն վստահ եղի՛ր ինծի․․․

— Շնորհակալ եմ ձեզմե․ մնաք բարով, Աբիսողոմ աղա՛․ օր մը մեր խմբագրատունը հրամմեցեք խահվե մը խմելու։

— Շատ աղեկ․ օր մը կուգամ։ Վաղվանին մեջ անցունելու չմոռնաք։

— Անհոգ եղեք։

Աբիսողոմ աղան և խմբագիրն բաժնվեցան իրարմե Բերայի քառուղ­վույն առջև, ուր հասած էին խոսելով։

Աբիսողոմ աղան առանձին մնալով սկսավ ճամփան շարունակել՝ ինքն իրեն հետևյալ խորհրդածություններն ընելով․

«Ես ինքզինքս չէի կարծեր այն չափ մեծ մարդ, որչափ որ կը կարծե այս խմբագիրն․ բայց հարկավ այն ինձմե աղեկ գիտե իմ որչափ մեծ ըլլալս, վասնզի խմբագիր մ՚ է և ուսումնական է․․․։ Վաղը լրագրի մեջ իմ անունս տեսնողները անշուշտ իրար պիտի անցնին և հետաքրքրություն պիտի ունենան ինծի հետ տեսնվելու․ վաղը պետք է որ կիրակի օրվան հագուստներս հագնիմ և ոսկիե ժամացույցս ու շղթաս ալ դնեմ․ սպասավորներս ալ հետս բերելու էի․ ո՞վ գիտեր․․․։ Ամեն մարդ պիտի իմանա վաղը, որ մեծ մարդ մը եկած է Կ․ Պոլիս․ ազնվախոհ, ազնվասիրտ, լեզվագետ, ուսումնական, դաստիարակյալ, կրթյալ և այլն մեկը, և՛ յուրաքանչյուր կնիկ պիտի ըսե իր էրկանը․ «Մեր աղջիկը սա Աբիսողոմ աղային տանք»։ Էրիկն ալ պիտի պատասխանե կնկանը․ «Նայինք՝ Աբիսողոմ աղան մեր աղջիկը կառնե՞, անիկա հարուստ տեղե մը աղջիկ առնել կուզե հարկավ»։ Այս պատասխանին վրա էրկան և կնկան մեջ վեճ մը պիտի ծագի և իրարու գլուխ պիտի պատռեն․ որո՞ւ հոգ․․․։ Անունիս լրագրին մեջ անցնիլն սա օգուտն պիտի ունենա, որ երկու օրվան մեջ հարուստ աղջիկ մը առնելով պիտի լըմնցունեմ ամուսնության գործն, որու համար միայն եկած եմ հոս․․․ այս ամուս․․․»։

Աղյուս բեռցված էշերու կարավանեն էշ մը բախվելով Աբիսողոմ աղային դեմ՝ ընդմիջեց զայն իր խորհրդածություններու մեջ, ուր ընկղմած ըլլալով ուշադրու­թյուն չէր ըներ առջևեն եկող էշերուն, որովք լի է միշտ Բերայի մեծ փողոցը։

— Մեկդի կեցիր,— ըսավ իշավար պարսիկն Աբիսողոմ աղային՝ արդարացնել ուզելով յուր էշը։

— Ատ խոսքը առաջ ըսելու էիր, որ զգուշանայի,— պատասխանեց Աբիսողոմ աղան և ճամփան շարունակեց։