Էջ:Mikael Nalbandian, vol. 1.djvu/181

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Գիտեմ,— պատասխանեց պառավը,— ամենայն չորեքշաբաթ օր ես գնում եմ Աստվածածնի դուռը։

— Այն թաղի մեջ հարցրո՛ւ պարոն Շահումյանց Գեորգի տունը, բայց նամակը ցույց մի՛ տուր ոչ ոքի. պատճառ, ամենայն տղա գիտե պարոն Շահումյանցի առատությունը, այս պատճառով կցանկանա, որ ինքը հասուցանե, դու պառավ կին ես և անզոր. կխլեն նամակը ձեռքիցդ և ինքյանք կտանեն, իսկ դու, քո անզգուշութենովը կզրկվիս ժամուցիցդ, որ առատությամբ կտա քեզ պարոն Շահումյանցը։

— Ոչ ոքի չեմ ցույց տալ գիրը,— ասաց պառավը,— ես միայն տունը կհարցնեմ, միամիտ կացի՛ր, մարիկս, մեք եթե մեր վնասի-օգուտի բան լինի, խելք ունինք, թեև մարդիկ մեզ անխելք են կարծում. շնորհակալ եմ, որ ինձ բարի կամենալով, զգուշացնում ես ինձ. ճշմարի՛տ է, շատ չար են ժամանակիս տղայքը։

— Ուրեմն առ այս գիրը և հասցրո՛ւ, ինչպես ասացի, պարոն Շահումյանցին. յուրյան ձեռքը, գիտե՞ս... Չիցե՛ թե ծառայի կամ մի այլ նորա տանը եղող մարդու տաս, ժամուց չի լինի։

— Շատ բարի, հոգիս, աստված օրդ երկայն առնե...

— Նա երկար հասակով երիտասարդ է, փայլուն աչքերով և լավ հագնված։

— Շատ բարի,— պատասխանեց պառավը,— աստված անփորձ պահե, շատ խնդաս։

Աղքատը հեռացավ։ Մանուշակը մտավ ներս։

Մանուշակի մի ժամ առաջ ունեցած տխրությունը և սրտի ցավը ուրախություն էր դարձած միայն այս հաջողությամբ, որ նամակը կարողացավ ուղարկել, առանց մի մարդու իմացնելու յուր կարծիքը:

IV

Երեկոյացել էր. Թյությունճի-Օղլուի հյուրընդունարանի անկյունում պատկերի առաջև վառած կանթեղը սկսել էր արձակել մի նվազ և գունաթափ լույս շրջակա առարկաների վերա։

Մանուշակը վեր կացավ տեղից, ճրագ վառեց և ցած թողեց պատուհանների սպիտակ կտավյա վարագույրները։ Տիկին Թյությունճի-Օղլուն ավարտելով յուր գործը գետնատնումը և հրամայելով աղախնուն դնել թեյի մեքենան, վեր ելավ սանդուղքից լերդագույն

181