Էջ:Mikael Nalbandian, vol. 1.djvu/208

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

VII

Նախիջևան քաղաքի շրջակայքումը, որոնք նույնիսկ քաղաքի բաժիններն են, կան զանազան տեղեր, որոնց անունը մի արհավիրք է բերում այնտեղի բնակիչների վերա։

Այն տեղերումը շատ անգամ պատահել են մարդիկ, որ տեսել են մեզիմեն աղեկների հարսանիք կամ մի այլ հանդես կատարելը։ Շատ անգամ նոքա յուրյանը նվագարանների անուշ ձայնով մոլորեցրել են մոտից անցանողքը և քարշած յուրյանը մեջ, ծռել են որի աչքը, որի ծնոտը, որի ոտք ու ձեռքը։ Այս մարդիկը ինքյանք պատմում են, թե կենդանի մարդը, ինչպես և այլ արարածները, մեզիմեն տղեկների առաջև մոմի նման կակուղ են, և թև մեզիմեն աղեկները ինչ ձև և կամենան կարող են տալ զանազան զգայարանքների։

Առավել լավ հաստատություն։ Մի գիշեր գալիս են և բախում են Մանուշակ դայեկի[1] դուռը, դայեկը վեր է կենում, ճրագ է վառում, տեսանում է, որ երկու լավ հագնված մարդիկ նայում են պատուհանից և նշանացի են առնում, որ դուռը բանա։

Դայեկը բացում է դուռը. մարդիկ առանց ներս մտանելու, կարճ խոսքերով խնդրում են նորանից, որ շուտով պատրաստվի և գա յուրյանց հետ, մի ծննդականի երեխան ընդունելու։ Խեղճ դայեկը, որ շատ բարեհոգի կին է եղած, որին մինչև այսօր օրհնում են Նախիջևանի ծեր ծնողքը, հագնում է իսկույն հանդերձը, առնում է յուր հետ մետաքս երեխայի պորտը կապելու համար[2]:


208

  1. Մանկաբարձը, ծնուցիչը Նախիջևանում դայեկ է կոչվում։
  2. Ոչ ոք բան չունի ասելու պորտ կապելու ընդդեմ, պատճառ, այլապես բոլոր արյունը դուրս հոսելով պորտի երակից, անտարակույս մահ կպատճառեր մահակին. բայց մի այլ ավանդություն ստիպեց մեզ ծանոթություն դնել այստեղ։ Նախիջևանումը երեխայի պորտը կարմիր կամ կանաչ մետաքսով կապելուց հետո, որովհետև մի քանի ժամանակից, այս մարմնից դուրս մնացած երակը չորանում է, վասն որո կտրում են նորան վերստին, բայց այդ երակները, որ կապած էին մետաքսով, նախ և հառաջ երեք օր ժամանակով երեխայի մայրը պահում է յուր գլխի վերա այն խորհրդով, թե ինչպես մայրը պահում էր երեխայի պորտը յուր գլխի վերա, նույնպես մանուկը յուր գլխի վերա պահելու էր, այսինքն հարգելու, յուր ծնողը, և այս մտքով պահում են մինչև երեխայի չափ հասանելը։ Երբ երեխան բավական զարգացած էր, կտան նորան յուր պորտը և կառաջարկեն քակել այն մետաքսյա կապը։ Որպես թե երեխան, որ քակել էր յուր պորտը, եթե աղջիկ է, պիտո էր շատ բախտավոր լիներ, իսկ եթե արու, շատ ճարտարություն էր ստանալու յուր ձեռքերում. և այս կանոնը, մանավանդ ճիշտ է աղջիկների համար, որոնցից շատ է պահանջվում ձեռքի ճարտարություն։ Երևի թե այս Ժամանակներում Նախիջևանի մեջ, յուրյանց վերին աստիճանի ձեռքի ճարտարությունով հառաջացած մարդիկը, քակել են մի ժամանակ յուրյանց պորտի կապը...