Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 2.djvu/218

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սպիտակ մրջյունների, որ, ինչպես հավանական է, նույնպես ավելի մեծ էին քան թե այժմյանքը, ապականում էին միլոդոնից վայր ձգած ու թողած ծառաբունը և նորա ճյուղերը, այնուհետև կարող էիք դուք նկարագրել մտքով այն մեծօրինակ տնտեսությունը բնության, որ ոչ մի տեղ թույլ չէ տված չափազանցություն։

ԴԻՆՈԹԵՐԻՈՆԸ

Մի հսկայամարմին արարած, առանձին կերպարանքով, լայն ու անչափ կորացած խեթկող ատամներով, որ դեպի ցած գնալով նստած են նորա ծնոտների մեջ։ Այս շնչավորի ազգը, ինչպես հավանական է, սնանում էր ըստ մեծի մասին բուսականներից և բնակում էր լճերի և ճախինների մոտակայքում։ Երեք կամ չորս տեսակ դինոթերիոն գտած են մինչև այժմ. սոցանից մի տեսակը ունի 15 ոտնաչափ երկայնություն և մոտ 10 ոտնաչափ բարձրություն։ Անտարակույս, պիտո է զարմանալի երևեր մեզ, թե ի՛նչպես կարողացած է այս կենդանին գործ դնել յուր անճոռնի երկար և ծանր խեթկողական ատամները. արդա՛րև դուք պիտո է մտածեիք, որ դոքա շատ ու շատ անհարմար և ծանր էին գլխի համար։ Որովհետև բնությունը սահմանել է ջուրը որպես բնակարան այս արարածի համար, ապա կարելի է նորա կազմվածքը հեշտությամբ համաձայնեցնել նորա կեցության եղանակի հետ։ Տարակույս չկա, որ այդ շնչավորի ատամները ամենևին հարմարավոր էին ջրի խորքից դուրս փորելու մեծ ջրային բուսականների արմատքը. և այս գործի մեջ, եթե դոքա ավելի փոքրիկ եղած լինեին, ապա կարող էին հեշտ փշրվիլ, ըստ որում հիշյալ բուսականների արմատքը շատ խոր հաստատված են երկրի հատակի մեջ և գտանում են ընդդիմություն քարերի կողմից։ Այլև դինոթերիոնի ատամները կարելի է համեմատել մի նավի խարսխի հետ, որ իջանում է ծովի մեջ և յուր ճանկերովը ցցվում է հատակի մեջ, երբ որ հարկավոր էր նավի ընթացքը դադարեցնել։ Երբ որ դինոթերիոնը յուր ատամները ձգում էր ջրեզերքին, այնուհետև կարող էր հանգիստ քնել հեղեղի մեջ, ըստ որում նորա մարմինը, որ թող լիներ ևս առավել վիթխարի, ապահով էր ալիքների երեսից, և գլուխը դեպի վեր պահելով, կարող էր շունչ առնուլ յուր կնջթի ծակերով. վերջապես կարելի է մտածել, թե նա յուր խեթկողական ատամները գործ էր դնում այնպես, ինչպես ծովաձին (արոքոս), այսինքն յուր մարմինը ջրից հանելու և յուր անձը պահպանելու համար։ Դինոթերյան ոսկրներ գտանում են Բավարիայի, Ֆրանսիայի մեջ, Րեյն գետի, Վիեննայի մոտակայքումը.

218